Պատգամավոր լինելը արտոնություն չէ, դա պատասխանատվություն է. Արման Ղուկասյան
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ՝ Արման Ղուկասյանը գրում է.
Ժողովուրդը ամեն օր աշխատում է, հարկ է վճարում, պահում է պետությունը։ Ուսուցիչը գնում է դպրոց, բժիշկը՝ հիվանդանոց, զինվորականը պաշտպանում է մեր անվտանգությունը, վաճառողը, վարորդը, շինարարը, գյուղացին՝ բոլորն անում են իրենց աշխատանքը։
Բայց ինչո՞ւ պետք է ժողովրդի վճարած հարկերից հսկայական աշխատավարձ ստանա այն պատգամավորը, որը նույնիսկ չի բարեհաճում ներկայանալ Ազգային ժողովի նիստերին։
Հայաստանում պետք է օրենք ընդունվի, ըստ որի՝ այն պատգամավորները, որոնք առանց լուրջ և հիմնավորված պատճառների 10-ից ավելի անգամ բացակայում են նիստերից, պետք է զրկվեն պատգամավորական մանդատից։
Նախորդ խորհրդարանում եղել են պատգամավորներ, որոնք տասնյակ, անգամ շուրջ 100 անգամ բացակայել են նիստերից, սակայն շարունակել են ստանալ աշխատավարձ, օգտվել արտոնություններից և ապրել հարկատուների հաշվին։
Պատգամավոր լինելը արտոնություն չէ, դա պատասխանատվություն է։ Եթե մարդը չի կատարում իր պարտականությունները, ապա իրավունք չունի պահելու մանդատը։
Ժողովուրդը պատգամավոր չի ընտրում նրա համար, որ նա տարիներով բացակայի աշխատանքից։ Ժողովուրդը պատգամավոր է ընտրում, որպեսզի նա ներկայացնի քաղաքացիների շահերը, մասնակցի օրենքների քննարկմանը և կատարի իր աշխատանքը։
Աշխատանք չկատարող պատգամավորի տեղը Ազգային ժողովում չէ։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































