Axios․ Թրամփը հրամայել է հարվածներ չհասցնել Իրանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է, որ ամերիկացի զինվորականները նոր հարվածներ չհասցնեն Իրանին՝ ընդհատելով գրեթե երկշաբաթյա ամենօրյա գրոհների շարքը։ Այս մասին Axios-ին հայտնել են երկու աղբյուրներ։
Միևնույն ժամանակ, պարզ չէ՝ հրահանգը մեկանգամյա՞, թե՞ մշտական բնույթ է կրում։
Թրամփի որոշումը կարող է արտացոլել ինչպես դիվանագիտությանն ավելի շատ տարածք տրամադրելու նրա պատրաստակամությունը, այնպես էլ այն գիտակցումը, որ խոշոր ռազմական գործողությունների վերսկսումից բացի՝ ամերիկյան ներկայիս հարվածների մակարդակը հասել է իր արդյունավետության սահմանագծին։
Աղբյուրների խոսքով՝ ամերիկացի զինվորականները դեռևս խոշոր ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման ծրագրեր են մշակում, սակայն Թրամփն առայժմ համապատասխան հրամաններ չի տվել։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Թրամփն ամեն օր հավանություն է տվել զինվորականների ներկայացրած հարվածների ծրագրերը։ Հարվածներն իրականացվում էին մի քանի ժամվա ընթացքում։
Ուրբաթ Թրամփը ստացել է նմանատիպ ծրագիր, սակայն դրա համար «կանաչ լույս» չի տվել։ Փոխարենը, աղբյուրների փոխանցմամբ, նա հրամայել է զինվորականներին հարվածներ չհասցնել։
Թրամփի՝ կրակը դադարեցնելու հրամանը տրվել է ուրբաթ Օմանի պատվիրակության Թեհրան ժամանելուց մի քանի ժամ անց՝ Հորմուզի նեղուցի բացման շուրջ բանակցությունների համար։
Տարածաշրջանային երկու աղբյուր հայտնել է, որ բանակցություններում առաջընթաց է արձանագրվել, և Օմանի ու Իրանի միջև համաձայնությունը կարող է ձեռք բերվել հանգստյան օրերին։
Դրանից հետո Թրամփը կորոշի՝ ընդունի՞ առաջարկված գործարքը, թե՞ ոչ։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































