Պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների մոտ 50 մասունքներ ուղարկվել են Հոլանդիա՝ բարդ փորձաքննության
Պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների մոտ 50 մասունքներ ուղարկվել են Հոլանդիա՝ բարդ փորձաքննության։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մենք ունեինք դժվար մասունքներ, որոնք փորձաքննությունների արդյունքում չէինք կարողանում ի վերջո սեկվենավորել։ Մենք պայմանավորվեցինք մեր հոլանդացի գործընկերների հետ, և արդեն իսկ այս փորձանմուշները գտնվում են Հոլանդիայում՝ մոտավորապես 50 մասունքներ։ Ցավոք սրտի, չի հաջողվում դրանցից ԴՆԹ անջատել և ստանալ որոշակի արդյունք։ Դրանք Հոլանդիայում անցնում են ավելի բարդ փորձաքննության ընթացք»,- ասաց նախարարը։
Ավանեսյանը հայտարարեց, որ այս պահին էլ դիահերձարաններում պահվում են զոհված հերոսների աճյունները, սակայն չներկայացրեց, թե քանիսն են պահվում։
Նախարարի խոսքով՝ կան դեռ մարմիններ ու մասունքներ, որոնք արդեն իսկ նույնականացված են, բայց ծնողները ցանկություն են հայտնել կրկնակի, որոշ դեպքերում երրորդ, չորրորդ անգամ այլ երկրներում հաստատել պատասխանները։
«Պիտի ասեմ, որ մինչև այս պահը բոլոր այդ դեպքերում մենք ստացել ենք իդենտիկ նույն պատասխանները, բայց դեռ կան որոշ սպասումներ։ 20-ից ավելի դեպքում արդեն իդենտիկ նույն պատասխանը ստացվել է։ Ունենք նաև նույնականացված մարմիններ, որոնք դեռ ծնողները դանդաղ, բայց գործընթացը ընթանում է, հուղակարվորումների գործընթացը շարունակվում է»,- հավելեց նա։
Պահման պայմանների մասին խոսելիս, Ավանեսյանը նշեց, որ աճյունները պահվում են պատշաճ պայմաններում, այս ընթացքում ավարտին է հասցվել Մարդունու դատաբժշկական կենտրոնի վերակառուցման, վերազինման աշխատանքները։ Սեպտեմբերի առաջին շաբաթին կհանձնվի շահագործման։ Մոտակա երեք շաբաթների ընթացքում Մեծամորի դատաբժշկական կենտրոնը նորից վերակառուցված և համալրված հզորություններով կհանձնվի շահագործման։