Վեց իսրայելցի է ձերբակալվել Երուսաղեմում հայկական վանքի մուտքը պղծելուց հետո
Իսրայելի վեց հրեա բնակիչ է ձերբակալվել կիրակի վաղ առավոտյան՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Սուրբ Հակոբի վանքի մուտքի վրա ենթադրյալ հարձակումից հետո։ Միջադեպը տեղի է ունեցել Հին քաղաքի Հայկական թաղամասում և դարձել է Երուսաղեմի պատմական հայ համայնքի վրա հարձակումների մասին հերթական ահազանգը, հայտնում է The Armenian Report-ը։
«Երուսաղեմի հայկական թաղամասի փրկություն» շարժման անդամ, լրագրող Գեղամ Բալյանի տվյալներով, տղամարդկանց մի խումբ հավաքվել է վանքի մուտքի մոտ մոտավորապես ժամը 01:00-ին և բազմիցս թքել նրա տարածքի վրա։
Բալյանը տեսանկարահանել է տեղի ունեցածը և հրապարակել միջադեպի կադրերը։ Տեսագրությունում երևում է, թե ինչպես է մարդկանց խումբը գտնվում վանքի մուտքի մոտ։
Տեղական աղբյուրների հաղորդմամբ, միջադեպից հետո ոստիկանությունը ձերբակալել է վեց կասկածյալի։ Տեղի ունեցածի հանգամանքներն ու մասնակիցների հնարավոր դրդապատճառները պարզվում են։
Երուսաղեմի Հայկական թաղամասը Հին քաղաքի չորս պատմական թաղամասերից մեկն է՝ Հրեական, Մահմեդական և Քրիստոնեական թաղամասերի կողքին։ Հայ համայնքն այստեղ բնակվում է դարեր շարունակ, իսկ Սուրբ Հակոբի վանքը համարվում է Հայաստանի սահմաններից դուրս հայ քրիստոնեության կարևորագույն հոգևոր կենտրոններից մեկը։
Միջադեպը տեղի է ունեցել Հայկական թաղամասի շուրջ շարունակվող լարվածության ֆոնին, որտեղ վերջին տարիներին սրվել են համայնքին պատկանող տարածքների նկատմամբ իրավունքների և պատմական ժառանգության պահպանման հետ կապված վեճերը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































