Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ադրբեջանական հնարված «արևմտյան ադրբեջան» խոսույթը թե՛ գիտական, թե՛ բարոյական և թե՛ քաղաքական առումով անհամեմատելի (ոչ անալոգային) է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրավունքի հետ։

Բազմիցս ասել ենք, որ եթե ադրբեջանական այս հնարված խուսույթին կա անալոգ, ապա դա բացառապես Նախիջևանից (պատմական հայրենիք), Սումգայիթից, Բաքվից, Գյանջայից, և մյուս շրջաններից հայերի բռնի արտաքսումն է, որն ուղեկցվել է աշխարհին հայտնի Բաքվի և Սումգայիթի կազմակերպված և ուղղորդված ջարդերով։ Ընդ որում, Հայաստանում ո՛չ միայն կազմակերպված և ուղղորդված ջարդեր չեն եղել, այլև չնչին հանցանքի համար (հիմնականում էմոցիաների վրա հիմնված ադրբեջանական ջարդերից) մարդիկ են դատապարտվել և պատիժ կրել քրեակատարողական հիմնարկներում։ Իսկ Ադրբեջանում ջարդերի կազմակերպիչները հերոսացվել կամ իշխանություն են դարձել։ Հիշում եմ, որ իշխող ուժից առնվազն մեկ պատգամավոր (Վիլեն Գաբրիելյան, եթե ճիշտ եմ հիշում) հանդիսանում է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» Հ/Կ ղեկավարը, հետևաբար պետք է որ տրամաբանական լիներ, որ գոնե Վիլեն Գաբրիելյանը իր ղեկավարած կազմակերպության հեղինակության համար պայքարեր, որպեսզի «արևմտյան ադրբեջան» հնարված խուսույթի անալոգը

Լեռնային Ղարաբաղի փոխարեն իրավացիորեն անալոգ ներկայացվեր Գարդման-Շիրվան-Նախիջևան և սրան հավելած Ադրբեջանի մյուս շրջաններից բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքի հարցը։

Երկրի վարչապետի մակարդակով Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը համեմատել այսպես կոչված ադրբեջանցիների իրավունքների հետ, արդեն իսկ ապագա կոնֆլիկտի հիմք է։

Ադրբեջանն հենց այդ մղմամբ է փորձում այս թեզը միջազգային հարաբերությունների օրակարգի բերել և այստեղ որևէ կապ չունի ԼՂ հայերի վերադարձի իրավունքը, այն ընդամենը պատրվակ է ու ժամանակը դա կապացուցի։

Մի բան հստակ է այսպիսի անհիմն, և թշնամական պահանջներով համեմված գործարքը ծնելու է ապագայում ավելի մեծ, ավելի դաժան հակամարտություն, պարզապես այս անգամ հայերի համար առավել վտանգավոր դիրքերում։

ԽՍՀՄ 70-ամյա քաղաքականությունն ուղղված էր ազգային խնդիրների, ու հատկապես` ԼՂԻՄ հիմնախնդրի կոնսերվացմանը (սառը համակարգային վիճակ), երբ արգելված էր խոսել ազգային իրավունքների մասին, սակայն գլոբալ ցանցումը (ԽՍՀՄ փլուզման նախընթաց իրականությունը) բացեց նոր ու արյունոտ հակամարտություն, որը գուցե ավելի դաժան էր, քան 1920-ականներին։

Հաջորդ ցնցումը` որպես համաշխարհային կարգերի փոփոխություն, անխուսափելի է, հատկապես Վեստֆալյան կարգերի էրոզիայի հետևանքով, ուստի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հերթական կոնսերվացումը առավել վտանգավոր հետևանքներ է առաջացնելու ապագայում։

Հ.Գ. Իսկ գուցե խաղաղությունն անշրջելի դարձնելու համար պետք է ընդհանրապե՞ս հայեր չլինեն, հարցրե՞լ եք Ադրբեջանի կարծիքը, եթե Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը հռչակել եք որպես կոնֆլիկտածին գործոն»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ