Իրանը դատապարտել է Իրաքյան Քուրդիստանի վարչապետի գրասենյակի վրա գրոհը, որի համար մեղադրել էին Թեհրանին
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել քրդերին չտրվել սադրանքների և հայտարարել է, որ Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի գրասենյակի վրա գրոհը կատարվել է իրենց գժտեցնելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
«Ոչինչ չի արդարացնում վարչապետ Բարզանիի գրասենյակի վրա անխոհեմ հարձակումը։ Բարեկամ քրդերը պետք է զգոն լինեն և չտրվեն սադրանքների, որոնց նպատակն է հարևանների միջև տարաձայնություններ սերմանելը», – նշել է Արաղչին։
Նա հավելել է, որ Իրանը «պաշտպանել է քուրդ բարեկամներին» Սադդամ Հուսեյնից և «Իսլամական պետությունից», նաև շնորհակալ է նրանց կողմից Իրանի սահմանին անվտանգության ապահովման համար։
Ավելի վաղ հեռախոսազրույցի ժամանակ Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը Արաղչիի հետ քննարկել է օգոստոսի 17-ին Էրբիլում Բարզանիի գրասենյակի և Քուրդիստանի անվտանգության ու հետախուզության գործակալության ղեկավարի տան վրա հարձակումները։
Իրաքի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Հուսեյնը խնդրել է պարզաբանել Իրանի պաշտոնական դիրքորոշումը հարձակման առնչությամբ՝ նշելով, որ այդ գրոհը «բացասաբար կանդրադառնա Իրաքի անվտանգության և տարածաշրջանային կայունության վրա»։
Իր հերթին, Իրանի ԱԳ նախարարը «զարմանք է հայտնել գրոհի առնչությամբ և պարզաբանել, որ ինքը տեղեկություն չունի այն մասին, որ հարվածները հասցվել են Իրանի տարածքից»։
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Արաղչին ընդգծել է, որ «նման գործողություններն արդարացում չունեն՝ հաշվի առնելով Իրանի կառավարության և Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության միջև դրական և ամուր հարաբերությունները»։
Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է միջադեպը։
Օգոստոսի 17-ին Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանին հայտարարել էր, որ իրանական անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են իր անձնական գրասենյակը և Քուրդիստանի անվտանգության ու հետախուզության գործակալության ղեկավարի տունը։ Նա դատապարտել էր հարձակումները՝ դրանք անվանելով «անխոհեմ և անընդունելի»։







































