Թրամփը մինչև 50 հազար դոլար է ներդրել Իլոն Մասկի SpaceX-ում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիս ամսին 15001-ից մինչև 50000 դոլար արժողությամբ բաժնետոմսեր է գնել SpaceX-ից, հետևում է նրա ֆինանսական հայտարարագրից։ Այսպիսով, ԱՄՆ նախագահը ֆինանսական բաժնեմաս է ստացել խոշորագույն պետական կապալառու ընկերություններից մեկում, որը ղեկավարում է նրա նախկին խորհրդական Իլոն Մասկը։
Փաստաթղթի համաձայն՝ Թրամփը SpaceX-ի բաժնետոմսերը գնել է հունիսի 23-ին։ Հայտարարագիրը նախագահը ստորագրել է օգոստոսի 12-ին, իսկ հրապարակումը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին։ Ներդրման ճշգրիտ գումարն անհայտ է, քանի որ դաշնային պաշտոնյաները հայտարարագրերում ակտիվների արժեքը նշում են միջակայքերով։
SpaceX-ի բաժնետոմսերի ձեռքբերումը Թրամփի կողմից հունիսին իրականացված արժեթղթերով ավելի քան 1000 գործարքներից ընդամենը մեկն է։
SpaceX-ը հունիսի 12-ին իրականացրել է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO)՝ սահմանելով ռեկորդային ցուցանիշներ։
Սպիտակ տնից Reuters-ին հայտնել են, որ նախագահի ներդրումային պորտֆելը անկախորեն կառավարվում է երրորդ կողմ հանդիսացող ֆինանսական հաստատությունների կողմից, որոնք հետևում են հայտնի ֆոնդային ինդեքսներին, այդ թվում՝ Schwab 1000-ին։
«Ո՛չ նախագահ Թրամփը, ո՛չ էլ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը չեն կարող տնօրինել պորտֆելը, ազդել որոշումների վրա կամ որևէ կերպ մասնակցելու այն որոշումների ընդունմանը, թե ինչ ներդրումներ կատարել և երբ գնել կամ վաճառել ակտիվները», — հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Դևիս Ինգլը։
Միևնույն ժամանակ, SpaceX-ում Թրամփի ներդրումները նոր ֆինանսական կապ են ստեղծում նախագահի և Մասկի ընկերության միջև այն պահին, երբ ԱՄՆ վարչակազմը ընդունում է որոշումներ, որոնք կարող են անմիջականորեն ազդել ընկերության դիրքի և արժեքի վրա։
SpaceX-ը ԱՄՆ պաշտպանության նախարարության կապալառու է և պարբերաբար դիմում է դաշնային գերատեսչություններին համապատասխան թույլտվություններ ստանալու համար։
Օգոստոսի 20-ին Թրամփը հանձնարարել է իր վարչակազմին միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ում առևտրային տիեզերական արձակումների քանակը զգալիորեն ավելացնելու համար․ SpaceX-ը այս շուկայում գերիշխող դիրք է զբաղեցնում։








































