ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի մասին.

«2021թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել պողոտայի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և նշված ավտոմեքենայի ուղևորն ստացել են մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց, որտեղ վերջինս, ստացած մարմնական վնասվածքներից գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վարորդի և ուղևորի ինքնությունը, պատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն