ԱՄՆ-ն վերահսկողություն կստանա Վենեսուելայի ապացուցված նավթային պաշարների 65 միլիարդ բարելի նկատմամբ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վենեսուելայի հետ համաձայնագրի կնքման մասին, որը, նրա խոսքով, կդառնա «համաշխարհային պատմության մեջ ամենախոշոր նավթային գործարքը» և ամերիկյան կողմին թույլ կտա վերահսկողություն ստանալ երկրի ապացուցված նավթային պաշարների մեծ մասի նկատմամբ։
«Իմ հանձնարարությամբ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը, սերտորեն համագործակցելով Վենեսուելայի հարգարժան պաշտոնակատար նախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ, ինչպես նաև մասնավոր բիզնեսի հետ գործընկերության շրջանակում, ապահովել են ԱՄՆ-ի վերահսկողությունը Վենեսուելայի ավելի քան 65 միլիարդ բարել ապացուցված նավթային պաշարների մեծ մասի նկատմամբ», — գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ գործարքը չի պահանջի ամերիկացի հարկատուների ծախսեր, ավելի քան կրկնակի կավելացնի ԱՄՆ-ի նավթային պաշարները և թույլ կտա զգալիորեն մեծացնել նավթի մատակարարումները, ինչը հեռանկարում կհանգեցնի ամերիկացիների համար բենզինի գների նվազմանը։
«Այս պատմական գործարքը ավելի քան կրկնապատկում է ամերիկյան նավթային պաշարները, զգալիորեն ավելացնում է մեր նավթի մատակարարումները և թույլ կտա էապես նվազեցնել բենզինի գները բոլոր ամերիկացիների համար երկար տարիների ընթացքում», — հայտարարել է Թրամփը։
Ամերիկացի պաշտոնյան, որը ծանոթ է համաձայնագրի պայմաններին, CBS News-ին հայտնել է, որ Դելսի Ռոդրիգեսը մասնավոր համատեղ ձեռնարկությանը տրամադրել է 100-ամյա կոնցեսիա՝ նավթահանքերի մշակման համար, որոնց բաժին է ընկնում մոտ 65 միլիարդ բարել ապացուցված պաշար։
Նրա խոսքով՝ համատեղ նախագիծը կիրականացվի ԱՄՆ կառավարության և Վենեսուելայում փորձառու մասնավոր օպերատորի կողմից։ Ձեռնարկությունում ԱՄՆ կառավարության մասնաբաժինը կկազմի 55%․ այն կձևավորվի ինչպես ընկերության կապիտալում մասնակցության, այնպես էլ արդյունահանվող նավթը ինքնարժեքով ստանալու հնարավորության հաշվին։
Ամերիկացի պաշտոնյան ստեղծվելիք ձեռնարկությունը անվանել է աշխարհում ապացուցված նավթային պաշարների մեծությամբ երկրորդ խոշորագույն կորպորատիվ սեփականատերը՝ Saudi Aramco-ից հետո։ Միևնույն ժամանակ առայժմ չի հստակեցվում, թե կոնկրետ որ մասնավոր նավթային ընկերություններն են ներգրավվելու նախագծում։ Վենեսուելայում ներկայությունը պահպանած սակավաթիվ օտարերկրյա ընկերությունների թվում են ամերիկյան Chevron-ը, իսպանական Repsol-ը և իտալական Eni-ն։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ համաձայնագիրը թույլ կտա ներգրավել գրեթե 100 միլիարդ դոլարի մասնավոր ներդրումներ, ստեղծել հազարավոր բարձր վարձատրվող աշխատատեղեր և նպաստել Վենեսուելայի տնտեսության վերականգնմանը։
Թրամփը նաև հայտարարել է, որ գործարքը «զգալիորեն կամրապնդի Վենեսուելայի և ԱՄՆ-ի միջև արդեն զարգացող հարաբերությունները» և կօգնի երկրին շարժվել «հսկայական հաջողության և բարգավաճման» ուղով։









































