«Ես էն ժամանակ հնարավորություն չեմ ունեցել իշխանական կերակրատաշտակին մոտ լինելու». Ալեն Սիմոնյան
Տիկին Թովմասյան, մի գնացեք, հանդուրժող եղեք քաղաքական խոսքին. պարտվել ենք ոչ թե մենք, այլ պարտվել եք դուք՝ որպես մեր խմբակցության անդամ, որպես հայ մարդ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, ԱԺ-ում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը փորձում է դահլիճում անընդհատ բախում հրահրել. «Դա քաղաքական խոսք չի։ Մենք այստեղ նստած ունենք քաղաքական գործիչներ, պարոն Ռուստամյանի քաղաքական խոսքը, իր հետ էլ համաձայն չեմ, բայց մարդը քաղաքական խոսք է ասում, ես կարող եմ ասել՝ մարդը քաղաքական խոսք չի ասո՞ւմ, դուք ի՞նչ կապ ունեք քաղաքական խոսքի հետ։ Դուք ուր, քաղաքական խոսքը՝ ուր»։
Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին. «Ձեր ելույթներն ինձ հիշեցնում են ձեր հաղորդումները Երկիր մեդիայի ալիքով, դրանք ռեյտինգ չունեն»։
Գեղամ Մանուկյանն էլ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ տեսանյութերը հիշատակեց, որին ԱԺ նախագահն ասաց. «Ես էն ժամանակ հնարավորություն չեմ ունեցել իշխանական կերակրատաշտակին մոտ լինեմ, մարզպետի, փոխմարզպետի, նախարարի հնարովի պաշտոններ չեն եղել, որ փող աշխատեմ։ Ջահել տղա եմ եղել՝ բանակից վերադարձած, ոնց կարողացել, գումար եմ աշխատել»։