Ահավոր է, երբ «թալանի» մասին խոսում է մեկը, ում ամբողջ ուղին, իր հարազատներից սկսած, թալանի միջով է անցել․ Գեղամ Մանուկյան
Նիկոլ Փաշինյանի հրահանգով ձևավորվել են խմբեր, որոնք ամեն րոպե պատրաստ են ուղղակի փողոցային կռվի, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում այսօր տեղի ունեցած միջադեպին։
Խորհրդարանում վերջին օրերին տեղի ունեցող միջադեպերի նպատակը, Մանուկյանի խոսքով, ընդդիմության սուր քննադատությունը լռեցնելն է։
«Բայց դահլիճում նստածների մեծ մասը քաղաքական պայքարի այնպիսի կենսագրություն ունի, որ մեր ձայնը չեն կարող լռեցնել», - ասաց Մանուկյանը։
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, թե իշխանական խմբակցության հատկապես որ անդամն է «թալանի» մասին խոսում՝ հրահրելով վիճաբանություններ։
«Ահավոր է, երբ ամբիոնից թալանի մասին խոսում է մեկը, որի անցած ամբողջ ուղին, իր հարազատներից սկսած, այդ թալանի միջով է անցել։ Եվ ամենատխուրն ինձ համար Զինված ուժերի նկատմամբ սիստեմատիկ հարձակումներն են։ Այդպես հեղինակազրկեցին թե՛ հերոսներին, թե՛ հայոց բանակը, հասցրին այս օրվան», - ասաց Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում «Շիշ բռնող» մականունով հայտնի ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ելույթում Պաշտպանության նախկին նախարարներին մեղադրեց «հայրենիքի դավաճանության» մեջ՝ նշելով, որ նրանց օրոք բանակից փողով ազատվողներ են եղել, ապա խոսեց նաև բանակում «թալանի», բանակը նախկինում «քանդելու» մասին, ինչից հետո մեծ վիճաբանություն առաջացավ նիստերի դահլիճում։