Թալիբները Գուանտանամոյի նախկին կալանավորին երկրի պաշտպանության նախարար են նշանակել
Գուանտանամոյի բանտի նախկին բանտարկյալ Աբդուլ Քայում Զաքիրը «Թալիբան» շարժման կողմից նշանակվել է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնակատար: Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրները շարժման ներսում:
Զաքիրը «Թալիբան» շարժման հիմնական դաշտային հրամանատարներից է, ով մարտական առաջադրանքներ էր կատարում եւ ղեկավարում էր արմատական մարտիկներին: Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի ռազմական գործողությունների սկսվելուց հետո (2001-2014թթ.) նա սկսել է մարտերի մասնակցել շարժման կողմից: Ամերիկացի զինվորները նրան գերեվարել եւ բանտարկել էին Բաղրամ բազայում, որտեղից էլ հետագայում տեղափոխել էին Գուանտանամո: Ազատ արձակվելուց հետո նա կրկին միացել էր թալիբներին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Երեքշաբթի շարժումը մի քանի նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարների էր նշանակել: «Պաշվոկ» գործակալության տվյալներով՝ ներքին գործերի նախարարի պաշտոնակատար է նշանակվել Սադր Իբրահիմը, Ֆինանսների նախարարի պաշտոնակատար՝ Գյուլ Աղան, հետախուզական ծառայությունների ղեկավարի պարտականությունները կկատարի Նաջիբուլլահը: Բացի այդ, շարժումն իր ներկայացուցիչներին է նշանակել երկրի մայրաքաղաք Քաբուլի կրթության, բարձրագույն կրթության եւ նահանգապետի պաշտոններում: