Մեծ Բրիտանիայում սալմոնելայով վարակման մտավախությունների պատճառով հետ է կանչվել փաբերի սիրած խոզի մսից խորտիկների (pork scrachings) երեք ապրանքանիշ, մինչդեռ մի քանի տասնյակ մարդ արդեն հայտնել է սալմոնելեզայի ախտանիշների մասին, գրում է «Գազետա»-ն` վկայակոչելով Mirror-ը:

Հաղորդվում է, որ կարճ ժամանակահատվածում տասնյակ մարդիկ Mr Porky ապրանքանիշի խոզի խորտիկների օգտագործումից հետո բողոքել են փորլուծությունից, փսխումից եւ տենդից:

Երկրի հանրային առողջապահական ծառայությունը հայտնել է, որ սալմոնելեզով վարակվել է 176 մարդ, նրանցից մեկ երրորդին հիվանդանոցային բուժում է պահանջվել:

Սննդի ստանդարտների գործակալությունը հայտնել է, որ տուժել է ընդհանուր վեց արտադրանք, որոնք բոլորն արտադրվել են Tayto Group Ltd-ի` Մեծ Բրիտանիայի չիպսերի եւ նախուտեստների խոշորագույն արտադրողի կողմից:

Որպես կանոն, սալմոնելեզի դեպքում վարակի աղբյուր են հանդիսանում ընտանի եւ գյուղատնտեսական կենդանիները: Ամենից հաճախ հիվանդությունն ընթանում է աղիքային վնասմամբ եւ ուղեկցվում է ջերմությամբ, ընդհանուր թուլությամբ, որովայնի ցավով, սրտխառնոցով, փսխումով եւ աթոռակի խանգարմամբ: Սովորաբար ախտանիշները հայտնվում են վարակումից 12-ից 36 ժամ անց:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն