Խոստանում էիք ՀՆԱ-ի աճ, օտարերկրյա ներդրումների բում, ի՞նչ եղավ․ Թադևոս Ավետիսյան
2018 թվականին խոստանում էիք ՀՆԱ-ի միջին տարեկան 9,8 տոկոսանոց աճ։ Ի՞նչ եղավ։ Խոստանում էիք օտարերկրյա ներդրումների բում, խորհրդարանում իշխանությանը հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«2017 թվականին, փաստացի, ՀՆԱ-ն աճել է 7,5 տոկոսով, իսկ 2018 թվականի հունվար-ապրիլին ՀՆԱ-ի աճը հասել էր արդեն 9,5 տոկոսի, սակայն իշխանափոխությունից հետո ՀՆԱ-ի աճը նվազեց, և 2018 թվականն ամփոփվեց 5,6 տոկոսով, իսկ 2019 թվականը՝ ձեր «ոսկեդարը», փակվեց 7,6 տոկոս աճով», - ասաց Ավետիսյանը՝ վիճելի համարելով կառավարության խոստումները՝ արձանագրված այս ցուցանիշների պարագայում 2026 թվականին ՀՆԱ-ն 7, օտարերկրյա ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը՝ 6 տոկոսով բարձրացնելու մասին։
«2020 թվականին ՀՆԱ-ն կրճատվեց 7,4 տոկոսով, մոտ 2,5 անգամ ավելին, քան համաշխարհային տնտեսությունում և էապես ավելին, քան մեր տարածաշրջանում։
2021 թվականին ասում եք, որ ՀՆԱ-ն, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5 տոկոսով։ Եթե նույնիսկ դա ընդունենք, ապա պիտի փաստենք նաև, որ այդ նույն ժամանակահատվածում սպառողական գների ինդեքսն աճել է 5,7 տոկոսով, այսինքն՝ 0,7 տոկոսային կետով ավելի, ինչը խիստ մտահոգիչ է», - նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։