Եթե մի քիչ կողքից նայեք այսօրվա մեր իրականությանը... Արմինե Օհանյան
Եթե մի քիչ կողքից նայեք այսօրվա մեր իրականությանը ու փորձեք ձեր տեսածն ու զգացածն ամփոփել, կարող է սիրտներդ պայթի` այն գիտակցումից, թե ինչպես են ավերել ու ոչնչացրել պետությունը, ինչքան են իմաստազրկել լուրջ ինստիտուտները, զավեշտի ու բարբարոսության ինչ սիմբիոզ է դարձել մեր կյանքը: Եվ այդ բոլորի մեղավորն ու պատասխանատուն այս անմեղսունակ ու անպատասխանատու իշխանությունն է... և մեր ոչ պակաս անմեղսունակ լուռ աջակցությունը:
Ընդամենը մի քանի տեսարան սրանց կապիկություններից.
Սեփական քայլերի հետևանքները չհաշվելը, ապօրինի քրեական հետապնդումները, հանրությանը պառակտելն ու իրար դեմ թշնամացնելը դեռ եկեք մի կողմ թողնենք, դրա համար լրիվ ուրիշ «հոդվածով» են դատվելու: Հիմա ընդամենը եկեք թվարկենք, թե երկրի կառավարմանն ինչքան անլուրջ են սրանք մոտենում: Ուղղակի տեսաշարով փորձեք վերականգնել, թե սրանք ինչ են հագնում, ինչ են կրում, ինչպես են խոսում, ինչ շարժուձև ունեն, ինչ արարողակարգ են ցուցադրում...
Ո՞վ կարող է բացատրել, օրինակ, ի՞նչ իմաստ ուներ հատուկ օրենքով այդ արարողակարգն ամրագրելը` որ հիմնը լսելու ժամանակ ձեռքը պետք է կրծքին դնել: Իբրև թե պետական սիմվոլներն են հարգում: Բոլոր հնարավոր տեղերից քերեցին Արարատը, պետական հիմնը գլխիվայր շրջեցին, ամբողջ օրը խոսում են պետական գերբը փոխելու մասին ու...հիմնը լսելիս` ձեռները դնում են դոշին...կապիկություն, ուրիշ ոչ մի բան
Աշխարհի ոչ մի ղեկավար իր երկրի քարտեզը բրոշկայի պես չի փակցնում դոշին, իսկ մեր պետության ղեկավարը Եվրոպա, թե Ասիա մեկնելիս, ՔՊ ժողովի, թե կառավարության նիստի, հեծանվավազքի, թե դեսպանների հավաքի մասնակցելիս` էդ քարտեզ- բրոշը կրծքից չի հանում: Երևի հպարտ է իր պարտությամբ, կամ իր զորակցությունն է հայտնում Ալիևին` Արցախը հայաթափելու համար, կամ հայ ժողովրդի արժանապատվությանը որոշել է վերջին` հուժկու հարվածները հասցնել...
Կապիկություններ անելու գործում թիմակիցներն էլ հետ չեն մնում շեֆից: Այսօր ՄԻՊ-ից հաղորդագրություն է եկել, թե տիկին օմբուդսմենը «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագծի հերթական հանդիպումն է ունեցել, ուշադրություն` Եվրոպական համալսարանի 3-րդ կուրսի մի ուսանողուհու հետ, և կոչ` ով ուզում է հյուրընկալվել ՄԻՊ-ին հաջորդիվ, նամակ գրեք...Ողջ երկիրը քաղբանտարկյալներ են, մարդկանց երկրից դուրս և ներս չեն թողնում, բերդերում ասեղ գցելու տեղ չկա, մարդու իրավունքները ոտատակ են ընկած, էս տիկինը փոխանակ այդ հարցերով զբաղվի, կապիկություն է անում...
Քաղաքապետը նոր փոշեծծիչն է փորձարկում...արդարադատության նախարարը լայվ է անում, թե` հարց տվեք, անձամբ կպատասխանեմ...ԿԳՄՍ նախարարն ինքն է հեծանվավազքի մրցույթի ստարտը տալիս...
Իսկ Ադրբեջանն օրեցօր նեղացնում է օղակը մեր վզին, ամեն օր մի ագրեսիվ հայտարարություն, մի նոր ոտնձգություն, մի նոր սպառնալիք ու ամենակարևորը` խաղաղության մասին, մեր տարածքային ամբողջականությունը հարգելու մասին ոչ մի բառ...
Բայց սրանք խարույկի շուրջը տռճիկ են տալիս, փառատոն ու կոնֆերանս անում, ծաղրածուի շորերով մարդամեջ դուրս գալիս...անդարդ, անհոգ...դավադիր նպատակադրումով և թշնամու հանդեպ մեր զգոնությունը բթացնելու ստոր ծրագրով...






































