Իրանը հայտարարել է, որ չի առարկի TRIPP նախագծի իրականացմանը՝ երկու պայմանների կատարման դեպքում
Իրանը դեմ էր այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին և պաշտոնապես հայտարարել էր, որ եթե Հայաստանին հարևան որևէ երկիր փորձի այդ հարցում անցնել սահմանները, Իրանն ավելի վճռական քայլեր կձեռնարկի։ Այդ մասին սեպտեմբերի 17-ին TRIPP թեմայով համաժողովում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ այդ նախագիծը չի քննարկվում, և այդ հարցը տվյալ պահին հաղթահարված է։
Քննարկվող նախագիծը (TRIPP – խմբ.) լիարժեք չի արտացոլում այն ցանկություններն ու նպատակները, որոնք հետապնդում էին Բաքուն և Անկարան, և այս պահին դա այն նախագիծը չէ, որը նրանք ցանկանում էին իրականացնել։
Այն, ինչ մենք լսել ենք Հայաստանի իշխանությունների հետ քննարկումների ընթացքում, և այն, ինչ տեսնում ենք նախագծի շրջանակում, հաստատում է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման սկզբունքը։ Դա երկրների միջև հարաբերություններում ընդունելի սկզբունք է։
Իրանը հատուկ մոտեցում ունի Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցի նկատմամբ և դա համարում է իր զգայուն հարցերից մեկը, իսկ հաշվի առնելով Սյունիքը որպես Հայաստանի համար ռազմավարական կապիտալ, հատկապես Իրանի հետ կապի ապահովման մասով, TRIPP-ը կամ որևէ այլ նախագիծ, որը սպառնալիք չի ներկայացնում Հայաստանին կամ Իրանի և Հայաստանի հարաբերություններին, դիվանագիտական տեսանկյունից խնդիր չէ։ Ցանկացած նախագծի իրականացման դեպքում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չպետք է վտանգվեն։
Բացի դրանից, հայ-իրանական սահմանի մոտ ամերիկացիների ներկայությունը չպետք է սպառնալիք ներկայացնի Իրանի համար։
Եթե այս երկու պայմաններն ապահովվեն, ինչպես նաև հաշվի առնվեն Հայաստանի շահերը, ապա Իրանը չի առարկի TRIPP նախագծի իրականացմանը»,- նշել է Շիրղոլամին։
Դեսպանը նշել է «3+3» ձևաչափի շրջանակում համագործակցության կարևորությունը, ինչպես նաև արտատարածաշրջանային ուժերի՝ տարածաշրջանի գործերին չմիջամտելու կարևորությունը։








































