Այն քաղաքացիները, որոնք դուրս են եկել գրանցումից, մինչև հունիսի 10-ը կարող են դիմել Անձնագրային և վիզաների վարչություն ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու համար. Տ. Մուկուչյան
Ընտրական ցուցակները մայիսի 31-ին կհրապարակվեն տեղամասային կենտրոններում, ցուցակների ներբեռնման հնարավորություն կլինի նաև լիազոր մարմնի կայքում. այսօր ԿԸՀ-ի արտահերթ նիստի ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
ԿԸՀ նախագահի խոսքով՝ ՀՀ որևէ համայնքում հաշվառում ունեցող քաղաքացիները, եթե քվեարկության օրը գտնվեն այլ համայնքում, ապա նշյալ քաղաքացիները մինչև հունիսի 10-ը դիմումներ կարող են ներկայացնել և քվեարկությանը մասնակցել՝ ըստ իրենց գտնվելու վայրի։
«Դիմումը պետք է ներկայացվի անձնագրային համապատասխան ծառայություն, եռօրյա ժամկետից հետո ընտրողների տվյալները ժամանակավորապես հանվում են հաշվառման վայրի ցուցակից և ավելացվում գտնվելու վայրի տեղամասի ընտրողների ցուցակ, և այդ մասին դիմողը ստանում է համապատասխան տեղեկանք: Դիմումը պետք է ներկայացնեն հաշվառման կամ գտնվելու վայրի անձնագրային ծառայություն, որպեսզի փոփոխություն իրականացվի, որի համար նշված ժամկետը 10 օր է»:
Մուկուչյանը նշեց, որ այն քաղաքացիները, որոնք բնակարան են վաճառել և դուրս են եկել գրանցումից, այդ քաղաքացիների համար օրենքը նախատեսում է, որ մինչև հունիսի 10-ը կարող են դիմել անձնագրային և վիզաների վարչություն՝ ըստ գտնվելու վայրի անձնագրային ծառայություն ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու համար՝ նշելով քվեարկության օրը իրենց գտնվելու հասցեն»:
ԿԸՀ նախագահի փոխանցմամբ՝ հնարավորինս սեղմ ժամկետում հրապարակելու են բոլոր ընտրական ցուցակներն ամբողջ ծավալով՝ կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները, ինչպես նաև ցուցակներում ընդգրկված թեկնածուներն ինքնաբացարկի դիմում կարող են ներկայացնել մինչև հունիսի 10-ը, ժամը 18:00-ն:
Մուկուչյանը, անդրադառնալով հանրապետությունում 5 քմ մակերեսը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում տեղադրված պաստառներին, նշեց, որ նախընտրական պաստառների 5 քմ մակերեսը գերազանցող վահանակները՝ նախընտրական և այն պաստառները, որոնք հանձնաժողովի կողմից կճանաչվեն նախընտրական քարոզչության հետ ասոցացվող, և եթե նշված պաստառները չեն լինի ԿԸՀ-ի կողմից բաշխված ցանկերում, բոլոր պաստառները ենթակա են հանման։
«Մեկ-երկու օր է՝ Երևան քաղաքում նկատվում է ակտիվացում՝ հայտնվում են նոր պաստառներ: Ուզում եմ տեղեկացնել, որ ԿԸՀ-ն գրանցումից անմիջապես հետո քննարկելու է հիշյալ հարցը և եթե մինչև ամսի 6-ը կլինեն այնպիսի պաստառներ, որոնք ինքնակամ չեն հեռացվի, աշխատանքային քննարկումներ կան ՏԻՄ-ի և Երևանի քաղաքապետարանի հետ և ամսի 7-ին կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները՝ առավելագույնս կարճ ժամկետում այդ պաստառները հեռացնելու հետ կապված: Հնարավոր է՝ հեռացման համար այդ պաստառները հետագայում լինեն ոչ պիտանի»: