Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության նորընծա չեմպիոն Էլինա Դանիելյանը հաղթական ճանապարհին մշտապես զգացել է հայրենակիցների աջակցությունը:

ԿԳՄՍ նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ Եվրոպայի չեմպիոնը հույս է հայտնել, որ իր հաղթանակն ազդակ կլինի այլ հաջողությունների համար։

«Երկրպագուներն իրենց աջակցությամբ, ամենօրյա նամակներով ինձ մեծ ուժ են տվել: Ինձ բոլորն են օգնել, այդ թվում՝ Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրիասյանը: Շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման համար: Դժվար օրեր ենք ապրում, և կարծում եմ՝ մեզ պետք էր նման ուրախություն: Հույս ունեմ, որ այս հաղթանակը կնպաստի ավելի մեծ հաղթանակների կերտմանը»,-ասել է նա։

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչներից հետաքրքրվել է առաջիկա ծրագրերից, քննարկել մեր երկրում մարզաձևի հետագա զարգացման հեռանկարները: ՀՇՖ նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանն ընդգծել է, որ և՛ տղամարդկանց, և՛ կանանց շախմատում կան մեծ ներուժով երիտասարդներ, որոնք ապագայում կարող են հաջողությունների հասնել:

Սմբատ Լպուտյանը նաև նշել է, որ ժամանակակից աշխարհում շախմատի դերը և շախմատային մտածողության կարևորությունն առավել է ընդգծվում, և պատահական չէ, որ շատ երկրներ հետաքրքրված են Հայաստանի՝ շախմատը կրթական ծրագրերում ներառելու փորձով:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն