Չինաստանն ԱՄՆ-ին մեղադրել է կորոնավիրուսի ծագման քաղաքականացման մեջ: ՉԺՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրեն Ֆու Կոնգը հայտարարել է, որ Չինաստանին որպես քավության նոխազ ներկայացնելու փորձերը չեն կարող սպիտակեցնել ԱՄՆ-ին, հայտնում է AP-ն:

«Եթե նրանք ցանկանում են անհիմն մեղադրել Չինաստանին, ապա ավելի լավ է պատրաստ լինեն Չինաստանի հակագրոհին»,- ասել է նա:

Այս տարվա սկզբին ԱՀԿ-ի եւ Չինաստանի համատեղ զեկույցում եզրակացություն էր արվել, որ վիրուսի՝ լաբորատորիայից արտահոսքի վարկածը «ծայրահեղ քիչ հավանական է»: Առավել հավանական սցենարում նշվում էր, որ վիրուսը չղջիկներից փոխանցվել է մեկ այլ կենդանու, որն էլ այնուհետ վարակել է մարդկանց:

Սակայն մարտի վերջին ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսն ասել էր, որ «բոլոր վարկածները քննարկման փուլում են եւ ամբողջական եւ լրացուցիչ հետազոտություններ են պահանջում»:

Ֆու Կոնգը նշել էր, որ եթե այլ կողմեր ​​պնդեն լաբորատոր արտահոսքի տեսությունը, ապա ԱՀԿ հետազոտական ​​խումբը պետք է այցելի Ֆորտ Դետրիք: «Եթե դոկտոր Թեդրոսը կարծում է, որ լաբորատորիայի արտահոսքի վարկածը պետք չէ բացառել, ապա նա գիտի՝ ուր գնալ,- ասաց նա:- Նա պետք է գնա ԱՄՆ լաբորատորիաներ»: Ֆորտ Դետրիքի վարակիչ հիվանդությունների ինստիտուտն ուսումնասիրել է կորոնավիրուսները եւ 2019-20 թվականներին փակվել էր մի քանի ամսով՝ անվտանգության լկանոնների խախտման պատճառով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն