ԱՄՆ-ում կայացվել է Միչիգանի նահանգապետին առեւանգել պլանավորող ծայրահեղականի դատավճիռը
Ծայրահեղականներից մեկը, ով անցյալ տարի ծրագրում էր առեւանգել ԱՄՆ Միչիգան նահանգի նահանգապետ Գրետչեն Ուիթմերին համավարակի հետ կապված սահմանափակումների կապակցությամբ, դատապարտվել է վեց տարի եւ երեք ամսվա ազատազրկման, հայտնում է NBC News-ը:
Թայ Գարբինը, ով խմբում միակն էր, ով իրեն մեղավոր էր ճանաչել, ներողություն է խնդրել Ուիթմերից եւ նրա ընտանիքից:
«Ես նույնիսկ չեմ կարող պատկերացնել, թե որքան սթրես եւ վախ են ապրել նրա ընտանիքի անդամներն իմ գործողությունների պատճառով»,- ասել է նա` հավելելով, որ մտադիր է աշխատել խմբերի հետ ապագայում ծայրահեղականներին արմատականացնելու համար:
Սպասվում է, որ այս գործով մյուսները դատարանի առջեւ կկանգնեն հոկտեմբերի 12-ին:
Ընդհանուր առմամբ, Ուիթմերի, ինչպես նաեւ այլ պաշտոնյաների առեւանգման գործով առնվազն 14 մարդ է բերման ենթարկվել, եւ հետաքննությունը վարել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն: Դրա տվյալներով` նրանք իրենց պլանները քննարկել են սոցցանցերում:
Հեռուստաալիքի տվյալներով` հարձակվողները, որոնք երկու ծայրահեղական խմբերի անդամներ են, չափազանց դժգոհ էին նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված Միչիգանում ներդրված սանիտարական միջոցներից: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես բազմիցս քննադատություն էր հնչեցրել Ուիթմերի հասցեին: Մասնավորապես, նա բազմիցս հայտարարել է, որ Ուիթմերին պետք է «փակել»: