Հաստատվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագրի ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով հաստատվել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի ժամանակացույցը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունից։
Ըստ այդմ՝ «Աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Քիմիա» եւ «Ֆիզիկա» առարկաների ուսուցիչների ատեստավորումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին։ «Հայոց լեզու» առարկայի ուսուցիչների ատեստավորումը նշանակված է սեպտեմբերի 19-ին, «Մաթեմատիկա» առարկայի ուսուցիչներինը ՝ սեպտեմբերի 25-ին, իսկ «Հայոց պատմություն» առարկայի ուսուցիչներինը՝ սեպտեմբերի 26-ին։ Ատեստավորման քննությունները տեղի կունենան Երեւանի թիվ 46, թիվ 170, թիվ 189 եւ թիվ 190 ավագ դպրոցներում։
Նշենք, որ «Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրին» ողջ հանրապետությունում դիմել է 1371 ուսուցիչ։ Երեւանում դիմել է 370, Արագածոտնի մարզում՝ 70, Արարատի մարզում՝ 96, Արմավիրի մարզում՝ 107, Գեղարքունիքի մարզում՝ 118, Լոռու մարզում՝ 138, Կոտայքի մարզում՝ 119, Շիրակի մարզում՝ 148, Սյունիքի մարզում՝ 86, Վայոց ձորի մարզում՝ 21, Տավուշի մարզում՝ 98 ուսուցիչ:
Հիշեցնենք, որ կամավոր ատեստավորումը եւ ուսուցչի առարկայական գիտելիքի ստուգումը կատարվում են բացառապես ուսուցչի ցանկությամբ` նրա կողմից հայտ ներկայացնելու պարագայում: Կամավոր ատեստավորմանը կարող են մասնակցել 7-12-րդ դասարաններում հայոց լեզու, գրականություն, հայ գրականություն, հայոց պատմություն, հանրահաշիվ, երկրաչափություն, քիմիա, ֆիզիկա, աշխարհագրություն եւ կենսաբանություն դասավանդող ուսուցիչները։
Հավելենք, որ կամավոր ատեստավորման արդյունքում 90 տոկոս եւ ավելի միավոր հավաքած ուսուցիչները կստանան 50 տոկոս, 80-89 միավոր հավաքելու դեպքում` 30 տոկոս հավելավճար: 60-79 տոկոս արդյունք ապահոված ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած` աշխատավարձի պահպանմամբ, այսինքն` նրանք հավելավճար չեն ստանա: Մինչեւ 59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցչի նախկին աշխատավարձը կպահպանվի․ նրան կառաջարկվի պարտադիր վերաատեստավորում՝ մեկ տարի անց: