ՀՀ կառավարության որոշմամբ Արցախի Հանրապետությանը կտրամադրվի 13.4 մլրդ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Ֆինանսների նախարարությունից։

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ այդ գումարից 1.2 մլրդն ուղղվելու է բնակիչների կոմունալ ծախսերի փոխհատուցման ծրագրին, իսկ 12.2 մլրդ դրամը հատկացվելու է որպես միջպետական վարկ:

«Չնայած այն հանգամանքին, որ Արցախում տնտեսական կյանքն աստիճանաբար վերականգնվում է, եւ ավելանում են նաեւ Արցախի պետական բյուջեի հարկային եկամուտները, դրանք դեռեւս բավարար չեն կենսական նշանակության սոցիալական եւ տնտեսական նշանակության ծրագրերի ամբողջական ֆինանսավորումն իրականացնելու համար»,- կառավարության նիստում նախագիծը ներկայացնելիս՝ ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ սա նույնաբնույթ արդեն երրորդ որոշումն է:

Միջպետական վարկը Արցախի կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,001% տոկոսադրույքով՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով։ Արցախի Հանրապետությանը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացվող ֆինանսական օժանդակությունը նախատեսված է սեպտեմբեր ամսվա համար աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահական ծախսերի, ինչպես նաեւ բնակչության էլեկտրաէներգիայի, գազամատակարարման ծառայությունների գծով ֆինասնավորման համար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն