Տեղանունները և դրանց կիրառումը մեծ քաղաքականության բաղադրիչներից է, թուրքական, ադրբեջանական հակահայկական, պատմական իրականությունը խեղաթյուրելու կարևոր տարրերից․ Ռուբեն Մելքոնյան
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«2000-ականներին կեսերին լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հրամանով ձևավորվել էր տեղանունների փոփոխությունների կառավարական հանձնաժողով: Ի թիվս այլ մասնագետների` հանձնաժողովի անդամ էի նաև ես. թուրքագետի առկայությունը նման հանձնաժողովում, կարծում եմ, հասկանալի է, թե ինչ պատճառ ուներ:
Տարիների ընթացքում մենք վերականգնել ենք մեր Հայրենիքի հազարավոր աղավաղված, թրքացված տեղանուններ` գյուղերի, սարերի, գետերի, դաշտերի անվանումներ: Հայկական և հայեցի տեղանունները հետո հաստատվում էին ՀՀ կառավարության և Ազգային ժողովի կողմից:
Ասածս ինչ է` տեղանունները և դրանց կիրառումը քաղաքականության, այդ թվում` և մեծ քաղաքականության բաղադրիչներից է, թուրքական, ադրբեջանական հակահայկական, ձուլման, պատմական իրականությունը խեղաթյուրելու քաղաքականության կարևոր տարրերից:
Ուստի «մեր» իշխանություններին խորհուրդ կտամ (չնայած մեծամտության գագաթնակետին հասած որոշ դատարկամիտներ կարծում են, թե իրենք խորհրդի կարիք չունեն) կարդալ, սովորել և կիրառել հայկական տեղանունները, այդ թվում` և պաշտոնական փաստաթղթերում առկա, անկախ այն հանգամանքից, որ դրանց մի մասը վերականգնվել, վերահայացվել է «նախկինների» օրոք»։