Փորձեք ձեր մրցելույթներով դրական լիցք փոխանցել մեր ժողովրդին.նախարարը՝ ԱՊՀ խաղերում Հայաստանի մարզական պատվիրակությանը
Սեպտեմբերի 2-ին Կազանում մեկնարկելու են ԱՊՀ երկրների առաջին խաղերը, որտեղ Հայաստանը ներկայացնելու է 11 մարզաձեւից 55 մարզիկ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են հՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունից։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը եւ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր հանդիպել են ԱՊՀ խաղերում Հայաստանի մարզական պատվիրակության հետ:
Ողջունելով մարզաշխարհի ներկայացուցիչներին՝ ԿԳՄՍ նախարարն ասել է, որ նրանցից ակնկալիքները մեծ են. «Բոլորիդ հաջողություն եւ հաղթանակներ եմ մաղթում: Փորձե՛ք ձեր մրցելույթներով դրական լիցքեր փոխանցել մեր ժողովրդին. մենք դրա կարիքը շատ ունենք: Մարզաշխարհում հաջողությունները, դրական լիցքերից բացի, հաղորդում են ուժ եւ վստահություն, որ մենք հզոր ենք ու կարող ենք առաջ շարժվել: Իհարկե, ունենք հաղթական ակնկալիքներ, բայց կարեւոր է նաեւ պարզապես լավ մասնակցությունը»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ Կազան է մեկնելու բավականին ուժեղ պատվիրակություն, ուստի մեդալային ակնկալիքներն արդարացված են. «Անկեղծ լինենք, կան մարզաձեւեր, որոնցից մեդալային ակնկալիքները մեծ չեն, բայց եւ կան մարզաձեւեր, որոնցում պարտավոր ենք մեդալ նվաճել: Նախապատրաստական աշխատանքներն ընթացել են հավուր պատշաճի, խնդիրները լուծված են: Ձեզ մնում է լավ մասնակցել եւ հիշել՝ հաղթանակների կարիքն իսկապես կա»:
Պատվիրակության անդամները նշել են՝ ջանք չեն խնայի Հայաստանի մարզական պատիվը բարձր պահելու եւ հայկական դրոշն ի պատիվ հաղթանակի ծածանելու համար:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը վստահեցրել է, որ հաղթանակներն աննկատ չեն մնա. «Մրցանակակիրները կգնահատվեն ըստ արժանվույն: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնացել եւ չեն մնա: Վստա՛հ եղեք, որ ցանկացած հաղթանակ արժանանում է հնարավոր առավելագույն գնահատականին»:
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը նաեւ պատասխանել է մարզաշխարհի ներկայացուցիչների հարցերին՝ ընդգծելով, որ հնչած բոլոր առաջարկություններն ու նկատառումները հաշվի կառնվեն եւ կքննարկվեն պրոֆեսիոնալ շրջանակում:
Հավելենք, որ Հայաստանի մարզական պատվիրակությունից Կազան առաջինը մեկնելու են բռնցքամարտիկները, որոնց մրցումները սկսվելու են սեպտեմբերի 2-ին: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 4-ին: