Անտառային հրդեհների պատճառով Կալիֆոռնիայում մոտ 30 հազար մարդ է տարհանվել
Կալիֆոռնիայի Էլ-Դորադո շրջանում տեղի ունեցած հրդեհը հանգեցրել է մոտ 30.000 մարդու տարհանման: Այս մասին ասվում է նահանգի նահանգապետի գրասենյակի հաղորդագրության մեջ:
Հրդեհի տարածքը, որն սկսվել էր դեռ օգոստոսի կեսերին Կալիֆոռնիայի արեւելքում գտնվող Սիերա Նեւադայի լեռնային շրջաններում, երկուշաբթի գերազանցել է 700 քառակուսի կմ-ն: Կրակը սկսել է մոտենալ բնակավայրերին: Արդյունքում նահանգի իշխանությունները ստիպված են եղել տարհանում հայտարարել Էլ-Դորադո շրջանում:
Հրդեհը սպառնում է նաեւ Թահոե լճի տարածքում գտնվող հանգստյան գոտուն, որտեղ զբոսաշրջիկները սիրում են հանգստանալ: Այս տարածքից եւս տարհանում է իրականացվում: Արտակարգ իրավիճակների ծառայությունները ենթադրում են, որ հրդեհը կարող է մինչեւ 20.000 շենք ոչնչացնել:
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը շարունակում է բարդ մնալ: Երկուշաբթի նահանգապետարանը հայտարարել էր օգոստոսի 31-ից սեպտեմբերի 17-ը նահանգի անտառային տարածքներ այցելությունների արգելքի մասին: