Նորվեգիան դարձել է Եվրոպայում ամենաթանկ ալկոհոլ ունեցող երկիրը
Նորվեգիայում ալկոհոլի գների մակարդակը ամենաբարձրն է դարձել Եվրոպայում՝ այն 151,2%-ով բարձր է ԵՄ միջին ցուցանիշից: Այս մասին հայտնում է Եվրոպական վիճակագրական գործակալությունը՝ Eurostat-ը:
Մասնագետներն ուսումնասիրել են 37 երկրների տվյալները: Նորվեգիային հաջորդում են Իսլանդիան (գները 139,4%-ով բարձր են ԵՄ միջին ցուցանիշից), Ֆինլանդիան (92,7%-ով), Իռլանդիան (80,7%-ով) եւ Շվեդիան (65,7%-ով): Ամենաէժան ալկոհոլ ունեցող երկրներն են Հունգարիան (գների մակարդակը ԵՄ միջինից ցածր է 27,3%-ով), Ռումինիան (26,2%-ով) եւ Բուլղարիան (19,5%-ով):
Օգոստոսի սկզբին Eurostat-ի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականին ալկոհոլի չարաշահման դեպքերի տեսակարար կշիռով Եվրոպական միության առաջատարը Դանիան է (նրա չափահաս բնակչության 38%-ը գոնե ամսական մեկ անգամ միանգամից ավելի քան 60 գրամ մաքուր էթանոլ է խմել), այնուհետեւ գալիս են Ռումինիան (35%) եւ Լյուքսեմբուրգը (34%): ԵՄ մեծահասակների ավելի քան մեկ երրորդը (37,2%) խմում է ամեն օր (8,4%) կամ առնվազն շաբաթը մեկ անգամ (28,8%): Ամեն օր ալկոհոլն ամենից հաճախ օգտագործվում է Պորտուգալիայում (մեծահասակների 20,7%), Իսպանիայում (13%) եւ Իտալիայում (12,1%), ավելի հազվադեպ՝ Լատվիայում եւ Լիտվայում (մոտ 1%): ԵՄ-ում ալկոհոլի ամենօրյա օգտագործման առաջատարներն են նաեւ 74 տարեկանից բարձր մարդիկ։ Այս տարիքային խմբի ներկայացուցիչների 16%-ն ամեն օր խմում է: