Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Մուսա լեռան հերոսամարտի տոնախմբությունների շրջանակներում, «Մուսա լեռ» հայրենակցական միության հետ համատեղ կիրականացնի միջոցառումների շարք։

Սեպտեմբերի 16-ին, ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում համերգով հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Ֆոլկ-մոդեռն» ժողովրդական գործիքների նվագախումբը (գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ՝ Լևոն Թևանյան)։ Երեկոյի ընթացքում կցուցադրվի Արա Վահանունու «Մուսա լեռ – 88՝ Վիշապի տարի» ֆիլմը։

Սեպտեմբերի 18-ին, ժամը 19։00-ին Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրում համերգով հանդես կգան «Ակունք» ազգագրական համույթը և «Կարին» ավանդական երգի-պարի խումբը։

Մուսա լեռան հերոսամարտը Մուսա լեռան շրջակայքում գտնվող հայկական գյուղերի բնակիչների 53-օրյա ինքնապաշտպանությունն է թուրքական կանոնավոր և անկանոն ուժերի դեմ։ Հայ խաղաղ բնակչության կոտորածները Հայոց ցեղասպանության մաս էին կազմում։ Սակայն Մուսա լեռան գյուղերի հայ բնակչությունը, կանխազգալով մոտալուտ վտանգը, բարձրացավ Մուսա լեռ և սկսեց ինքնապաշտպանությունը։ Վերջիվերջո ֆրանսիական և անգլիական նավերը, տեսնելով ինքնապաշտպանվողների «Քրիստոնյաները վտանգի մեջ են» գրությունը, օգնության եկան և տեղափոխեցին ինքնապաշտպանվող 4231 հայերին Եգիպտոս, որտեղ հետագայում շատերը մտան Ֆրանսիական հայկական լեգեոնի կազմի մեջ։ Ոգեշնչված և տպավորված այս իրադարձություններով ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը 1933 թ-ին գրում է «Մուսա լեռան քառասուն օրը» ստեղծագործությունը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն