Գայանայի 87-ամյա բնակիչ Ռոյ Դեյվիդը 58 տարվա որոնումներից հետո վերջապես կարողացել է գտնել իր դստերը, որի հետ կապը խզել էր նրա մորից բաժանվելուց հետո, հայտնել է Daily Mail-ը:

Ռոյն ամբողջ կյանքում աշխատել է առեւտրային նավերի վրա եւ տեղափոխվել մի վայրից մյուսը: 19 տարեկանում Նյու Յորքում հանդիպում էր Սիլվիա անունով բուժքրոջ հետ, որից ունեցել է առաջին դստերը՝ Շերիլին: Այնուամենայնիվ, ամուսնական կյանքը դժվար էր, քանի որ կնոջն ու զոքանչին դուր չէր գալիս, որ նա ժամանակի մեծ մասն անցկացնում էր ծովում՝ ժամանակ չունենալով երեխայի խնամքի համար: Զույգը բաժանվել է, սակայն Ռոյը շարունակել է պարբերաբար այցելել դստերը, մինչեւ որ մի օր նա եւ մայրը անհետացել են՝ առանց իրենց մասին որեւէ լուր թողնելու: Որոշ ժամանակ անց նավաստին տեղափոխվել է Լոնդոն, ամուսնացել եւ նոր երեխաներ ունեցել, սակայն, ինչպես ինքն է խոստովանում, երբեք չի մոռացել իր առաջնեկի մասին:

Նրան հաջողվել է կապ հաստատել դստեր հետ` «Սպասիր ինձ» շոուի բրիտանական անալոգի շնորհիվ: Թիմին հաջողվել է պարզել, որ Շերիլը դեռ Նյու Յորքում է բնակվում եւ արդեն թոռներ ու ծոռներ ունի:

«Ես իններորդ երկնքում էի, երբ իմացա այդ մասին: Դա ինձ բոլորովին նոր մարդ դարձրեց: Այժմ, երբ իմ կյանքի նպատակը կատարվել է, կարող եմ մեղքի զգացում չունենալ», - լրատվամիջոցին ասել է Ռոյը:

Շոուի անձնակազմն արդեն կազմակերպել է Շերիլի հանդիպումը խորթ եղբոր հետ, որի մասին նա երբեք չի իմացել, եւ այժմ նախատեսում է կազմակերպել Ռոյի այցը Նյու Յորք: Շերիլն ասել է, որ չարացած չէ հոր դեմ եւ սպասում է վերամիավորման:

«Այժմ, երկար ժամանակ անց, կրկին կարող եմ ուրախանալ՝ գիտակցելով, որ այս ողջ ընթացքում ինձ սիրել են: Իմ երազանքը եւ սիրող հոր մասին հույսերը վերջապես իրականացան», - հորն ուղղված նամակում գրել է Շերիլը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն