Վայոց Ձորում Opel-ը բախվել է կովին. 22-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. Կովը եւս վնասվածք է ստացել
Վայոց Ձորի մարզում օգոստոսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 20:00-ի սահմաններում 22-ամյա Արամ Ղ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Գետափ գյուղի դպրոցի հարևանությամբ, հարվածել է խոշոր եղջերավոր անասունի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բուժանձնակազմի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքված գյուղացիները ասում էին, որ վարորդի վիճակը բավարար է, սակայն խոշոր եղջերավոր անասունը պարանոցի մասում վնասվածք է ստացել: