«Պետք է հասկանալ, որ դրսից անհնար է ինչ-որ բան պարտադրել». Պուտինը մեկնաբանել է Աֆղանստանում ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Աֆղանստանում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ հնարավոր չէ ինչ-որ բան պարտադրել դրսից, պետք է օգնել և սպասել, երբ իրավիճակը հասունանա:
«Պետք է հասկանալ, որ դրսից անհնար է ինչ-որ բան պարտադրել: Իրավիճակը պետք է հասունանա: Իսկ եթե ինչ-որ մեկը ցանկանում է, որ այն ավելի արագ և ավելի որակով հասունանա, պետք է օգնել մարդկանց»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Պուտինը դպրոցականների հետ հանդիպմանը:
«Այո, կարելի է և պետք է դա անել, սակայն դա պետք է անել քաղաքակիրթ ձևով՝ զգուշորեն, աջակցելով դրական միտումներին, չշտապելով, զինվել համբերությամբ»,- հավելել է Պուտինը:
Նրա խոսքով՝ առանց այդ փաստերը հաշվի առնելու՝ ինչ-որ դրական բանի հասնել գործնականում անկարելի է:
Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների էին անցել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ օրեցօր նոր քաղաքներ գրավելով, իսկ օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ: Ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է ներկայացրել և հեռացել երկրից: Ավելի ուշ հայտնիէ դարձել, որ թալիբները մտադիր են 12 անձից կազմված խորհուրդ ստեղծել՝ երկիրը կառավարելու համար: