Պսակի. ԱՄՆ-ը Թուրքիայի և Կատարի հետ համագործակցում է Քաբուլի օդանավակայանի աշխատանքի հարցում
ԱՄՆ իշխանությունները համագործակցում են Թուրքիայի և Կատարի հետ՝ Քաբուլի օդանավակայանի քաղաքացիական մասի լիարժեք աշխատանքի վերսկսման հարցում: Այս մասին նախօրեին ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին՝ մամուլի հերթական ճեպազրույցի ժամանակ, գրում է Tass-ը։
«Ինչ վերաբերում է օդանավակայանին, ապա ավելի կոնկրետ ասպեկտը, որի վրա մենք աշխատում ենք Կատարի և Թուրքիայի հետ, օդանավակայանի քաղաքացիական հատվածի վերաբացումն է, որպեսզի մենք կարողանանք այն օգտագործել ոչ միայն թռիչքների համար, որպեսզի մարդիկ կարողանան հեռանալ, այլ նաև մարդասիրական օգնության համար, որը մենք կաշխատենք բաշխել [ՄԱԿ] պարենի համաշխարհային ծրագրի և այլ [սուբյեկտների] միջոցով», - ասել է Պսակին:
Նրա խոսքով, այս առումով Միացյալ Նահանգները շփումներ են ունենում նաև «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ (արգելված է Ռուսաստանի Դաշնությունում)՝ օգտագործելով առկա հաղորդակցության ուղիները:
«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Անաս Հաքանին «Ալ Ջազիրա»-ին ասել է, որ Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանը կբացվի մի քանի օրվա ընթացքում: Հեռուստաալիքի զրուցակիցը մեծ իրադարձություն է անվանել Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրսբերումը, և տարհանման ավարտի օրը պատմական է որակել:
ԱՄՆ-ն օգոստոսի 30 -ին ավարտեց ինչպես Քաբուլից խաղաղ բնակիչների տարհանումը, այնպես էլ Աֆղանստանում նրա ամբողջ ռազմական առաքելությունը: Ապրիլի 14-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց այդ երկրում գործողությունը դադարեցնելու որոշման մասին, որը սկսվել էր 2001 թվականի հոկտեմբերին և դարձավ ամենաերկար օտարերկրյա ռազմական արշավը Ամերիկայի պատմության մեջ: Դրանից հետո Թալիբանի կողմնակիցները բարձրացրին հարձակման տեմպը և օգոստոսի 15-ին, առանց մարտերի, լիակատար վերահսկողություն հաստատեցին Քաբուլի վրա: