Ադրբեջանը նպատակ ունի Թուրքիայի աջակցությամբ վտանգել հայկական պետականության գոյությունը. «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Ադրբեջանը չի պատրաստվում բավարարվել Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում եւ դրանից հետո հայկական տարածքների բռնազավթմամբ, այլ նպատակ ունի Թուրքիայի աջակցությամբ վտանգել հայկական պետականության գոյությունը։ Այդ մասին մեկ անգամ չէ, որ ահազանգում են հայաստանյան վերլուծաբաններն ու փորձագետները, մինչդեռ անպատժելիության մթնոլորտը հնարավորություն է տալիս թուրք-ադրբեջանական տանդեմին ավելի բացահայտ խոսել այդ մասին ամենատարբեր մակարդակներում՝ իշխանականից մինչեւ քաղաքական ու փորձագիտական շրջանակներ։ Մասնավորապես նախօրեին «Pars today»-ի փոխանցմամբ, «Osmanqızı TV»-ին տված հարցազրույցում ամերիկաբնակ ադրբեջանցի քաղաքագետ Արեֆ Յունեսը նշել է, որ չնայած Իլհամ Ալիեւը հայտարարում է, որ «Հայաստանի պարտության արդյունքում պատերազմն ավարտվել է, սակայն մեծ է հավանականությունը, որ 2024 կամ 2025 թթ. կբռնկվի արցախյան երրորդ պատերազմը»: Թուրք-ադրբեջանական նկրտումները սանձելու համար առաջին հերթին Հայաստանը կարող է եւ պետք է պատասխանատվության առջեւ կանգնեցի այս երկու պետություններին գործած ռազմական հանցագործությունների համար։ Դրա համար առկա են մի շարք միջազգային իրավական մեխանիզմներ, ինչը կունենա ոչ միայն իրավական, այլեւ քաղաքական մեծ նշանակություն Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու համար»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։