2021թ. օգոստոսի 31-ին «Moody's» վարկանիշային գործակալությունը ՀՀ հերթական սուվերեն վարկանիշի շնորհման շրջանակներում անփոփոխ է թողել ընթացիկ վարկանիշը` «Ba3» և հեռանկարը` կայուն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այս կապակցությամբ ասաց. «Հաշվի առնելով, որ «Moody's»-ի նախորդ գնահատումը կատարվել էր 2019-ին, որից հետո 2020-ին կովիդի տարածման եւ պատերազմական գործողությունների հետեւանքով ՀՀ տնտեսության համար ի հայտ են եկել էական տնտեսական ռիսկեր, այս գնահատմամբ արձանագրվում են նման ռիսկերի նկատմամբ ՀՀ տնտեսության դիմակայունության բարձրացման մասին: Ընդգծվում է, որ ՀՀ տնտեսական քաղաքականությունն արդյունավետ է այդ տեսանկյունից: Սա շատ կարեւոր ազդակ է  միջազգային ներդրողների համար, քանի որ վերահաստատում է Հայաստանի տնտեսության կայուն աճի հեռանկարը եւ կառավարության քաղաքականությունների բարենպաստությունը ներդրումների համար: Այն ընդգծում է նաեւ ՀՀ բարձր տնտեսական աճի սպասումներ եւ կառավարության հարկաբյուջետային կարողությունների վերականգնման վերաբերյալ «Moody's»-ի կանխատեսումը:

Հրապարակման մեջ կարեւոր տեղ են գրավում պետական պարտքի կառավարմանն առնչվող հարցերը: Չնայած 2020 թվականի արդյունքներով կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը աճել է եւ կազմել 63,5 տոկոս, «Moody's»-ը այս զեկույցով ընդգծում է, որ կարեւորում է առաջիկա 5 տարիների ընթացքում հիշյալ ցուցանիշը 60 տոկոսից նվազեցնելու վերաբերյալ ՀՀ կառավարության քաղաքականությունը:

«Moody's»-ն ընդգծել է այն գործոնները, որոնք կարող են նպաստել ՀՀ վարկանիշի հետագա բարձրացմանը: Դրանք են տնտեսության մրցունակության բարձրացմանը եւ կառավարման ինստիտուտների արդյունավետությանն ուղղված բաևրեփոխումների արագացումը, ընթացիկ հաշվի պակասուրդի բարելավումը, այդ թվում օտարերկրյա ուղղակի ներդրումների միջոցով, բարեւան երկրների հետ հարաբերությունների լարվածության թուլացումը»,-ասաց նախարարը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն