Բրիտանական թագավորական դրամահատարանը Վինի Թուխի պատկերով 50 փենսանոց մետաղադրամ է թողարկել
Մեծ Բրիտանիայի թագավորական դրամահատարանը նոր մետաղադրամ է թողարկել, որին պատկերված են Վինի Թուխն ու նրա ընկերները: Արջուկի հետ միասին մետաղադրամի վրա պատկերված են Խոզուկը, Բուն, Կենգան եւ Փոքրիկ Ռուն, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Evening Standard-ը:
Ինը կտորանոց շարքի առաջին երեք մետաղադրամները, որոնք ստեղծվել են ամերիկյան The Walt Disney Company-ի հետ համատեղ, հայտնվել էին անցյալ տարի: Դրանցից առաջինը պատկերում է Վինի Թուխին իր սիրած մեղրի տարայով: Սերիայի դիզայնը, ըստ Royal Mint-ի, հիմնված է նկարիչ եւ գրքի նկարազարդող Էռնեստ Շեպարդի (1879-1976) բնօրինակ գծագրերի վրա արջուկի կերպարի ստեղծող, անգլիացի գրող Ալան Ալեքսանդր Միլնի գրքում (1882-1956), որն առաջին անգամ տպագրվել է 1926 թվականին:
Սերիաների դիզայներ Դանիել Թորնի խոսքով՝ The Walt Disney Company-ի տրամադրած օրիգինալ նկարազարդումների հետ աշխատելիս իր «առաջնահերթությունն էր այդ գեղեցիկ պատկերները ճիշտ փոխանցելը»: Ինչպես նշել է Թորնը, մեղուների եւ խոտածածկ բլրի մոտիվի փոխանցման համար, որի վրա նստած է Վինի Թուխը, մենք «դիմեցինք մի շարք տարբեր տեխնիկաների՝ մետաղադրամի վրա կատարյալ ջրաներկային էֆեկտ ստեղծելու համար եւ արդյունքում կանգ առանք այն մեկի վրա, որը ներկայացվել է վերջնական տարբերակում»:
«Մենք բոլորս մեծացել ենք Վինի Թուխի վրա, եւ նա սիրված կերպար է մնում ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլեւ ամբողջ աշխարհում»,- ասել է Թագավորական դրամահատարանի հուշադրամների բաժնի ղեկավար Քլեր Մաքլենանը: «Մենք ակնկալում ենք, որ մետաղադրամները մեծ ժողովրդականություն կունենան, հատկապես Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, եւ մենք հույս ունենք, որ ինչպես երեխաները, այնպես էլ մեծահասակները կվայելեն հավաքածուն»,- հավելել է նա:
Գները տատանվում են 10 ֆունտ ստերլինգից (13.7 դոլար)՝ սովորական մետաղադրամի համար եւ մինչեւ 1.065 ֆունտ ստեռլինգ (1465 դոլար)՝ ոսկու համար: