Աֆղանստանի իշխանությունները խաղաղության հաստատման պլան ունեն. դիվանագետ
Աֆղանստանի կառավարությունը մշակել է «Թալիբան» շարժման հետ հարցերի խաղաղ կարգավորման համապարփակ պլան։ Այս մասին ասել է ՌԴ-ում Աֆղանստանի դեսպան Սաիդ Թայեբ Ջավադը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Այո, մենք խաղաղության հաստատման համապարփակ պլան ունենք, բայց միշտ խաղաղության պետք է հասնել երկու կողմերի փոխզիջման հիման վրա։ Խաղաղությունը միշտ փոխզիջումների ձեռքբերումն է, մյուս կողմի դիրքորոշման ընդունումը»,- ասել է նա։
Դեսպանը նաեւ ասել է, թե ինչ հարցերի շուրջ Աֆղանստանի կառավարությունը պատրաստ չէ փոխզիջման։ «Մենք չենք գնա փոխզիջման աֆղան քաղաքացիների հիմնարար, բազային իրավունքների վերաբերյալ՝ ընտրություններ, մասնակցություն քաղաքական գործընթացին։ Կանանց համար՝ ստանալ կրթություն ու տղամարդկանց հավասար իրավունքներ ունենալ»,- պարզաբանել է նա։
Դիվանագետն ընդգծել է, որ բոլորն Աֆղանստանում հոգնել են պատերազմից եւ արյունահեղությունից։ «Դրա համար յուրաքանչյուրը պատրաստ է գնալ ընդունելի զոհողությունների՝ այն հույսով, որ այդ զոհողությունները կհանգեցնեն երկարատեւ ու արդարացի խաղաղության։ Ես կարծում եմ, որ աֆղանստանցի ժողովուրդը ցուցադրել է, որ պատրաստ է ընդունել «Թալիբանին» որպես կառավարության մաս, Աֆղանստանի քաղաքական գործընթացի մաս»,- ավելացրել է Ջավադը։
Նա ընդգծել է, որ թալիբները «պետք է ունենան մեկ ձայն աֆղանստանցի շատ ուրիշների կողքին», բայց նրանք չպետք է հարկադրեն բոլոր աֆղանստանցիներին ապրել միայն իրենց կանոններով։ «Նրանք իրավունքներ ունեն. եթե նրանք ցանկանում են ապրել այնպես, ինչպես իրենք են ցանկանում, դա միանգամայն բնական է, դա նրանց ընտրությունն է։ Բայց նրանք չպետք է հարկադրեն մնացած բնակչությանը ենթարկվել իրենց կամքին եւ ապրել իրենց բռնապետական կանոններով»,- ամփոփել է դեսպանը։