ՀԱՀ-ի նախկին նախագահ Ջեյքոբ Զուման, որն ազատազրկվել էր 15 ամսով, վաղաժամկետ պայմանական ազատվել է առողջական վիճակի պատճառով, հաղորդում է Associated Press-ը:

«Այդ քայլն արվել է բժշկական եզրակացության հիման վրա, որը մենք ստացել ենք»,-հայտարարել են ՀԱՀ-ի քրեակատարողական հաստատությունների ստորաբաժանումից:

79-ամյա Զուման տեղափոխվել էր բանտից ռազմական հոսպիտալ օգոստոսի 6-ին: Մեկ շաբաթ անց նա վիրահատվել էր, սակայն հայտնի չէ խնդիրը: Այդ ժամանակ նախկին նախագահի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել վաղաժամկետ պայմանական ազատման համար բժշկական ցուցման հիման վրա:

ՀԱՀ-ի սահմանադրական դատարանը հունիսի 29-ին Զումային մեղավոր էր ճանաչել դատարանի նկատմամբ անարգանքի համար եւ դատապարտել էր 15 ամսվա ազատազրկման՝ բավարարելով հայցը: Երկրի գերագույն դատավորի տեղակալի նախագահությամբ հատուկ հանձնաժողովը մեղադրել էր Զումային, որ վերջինս հրաժարվել էր ցուցմունք տալ հանձնաժողովի առջեւ եւ անարգանք էր ցուցաբերել ՍԴ-ի նկատմամբ, որը պարտավորեցրել էր նրան անել դա: Հանձնաժողովը հետաքննում է ՀԱՀ-ի իշխանության բարձր օղակներում կոռուլցիայի փաստերը 2009-2018 թվականներին Զումայի նախագահության ժամանակ: Զուման սկսել էր կրել պատիժը հուլիսի 8-ից:

Զուման Thales ֆրանսիական ռազմարդյունաբերական խմբի հետ միասին նաեւ մեղադրվում է կոռուպցիայի, խարդախության, շորթման եւ ապօրինի վաստակած միջոցներն օրինականացնելու մեջ 90-ականներին պաշտպանական պայմանագիր կնքելիս: Առաջիկա լսումները պետք է կայանան սեպտեմբերի 9-ին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն