Կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՌԴ արտաքին գործերի նախարարի հայտարարություններին։ Հիշեցնենք, որ խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Արցախի հարցով բանակցությունների վերսկսման մասին, Լավրովն ասել էր, որ խոսքը չի գնում գործընթացի վերսկսման մասին, խոսքը նոյեմբերի 9-ի ու այս տարվա հունվարի 11-ի եռակողմ ստորագրված փաստաղթղթերի կետերը կատարելու մասին է։

«Քառօրյա պատերազմի ընթացքում եղել է մի ժամանակահատված, երբ Ռուսաստանը դուրս է եկել ԱՄՆ և Ֆրանսիայի հետ իր պայմանավորվածություններից, իսկ նրանք Մինսկի ֆորմատով իրար մեջ Արցախի հարցով համաձայնություն էին ձեռք բերել, և սկսել է գործել ինքնուրույն։ Հարցը վերաբերում է ռուսական զորքերի՝ Արցախում տեղակայմանը։ Մինսկի խմբի համանախագահ պետությունների միջև կար պայմանավորվածություն, որ Արցախում խաղաղարար օպերացիայում չպետք է ներգրավվեին ոչ Ռուսաստանի, ոչ Ֆրանսիայի, ոչ ԱՄՆ զորքերը, ոչ էլ տարածաշրջանում որևէ այլ պետության, մասնավորապես, Թուրքիայի։ Եվ Ռուսաստանի Դաշնությունը խախտել է այդ պայմանավորվածությունը։ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունը Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ միջև նախքան պատերազմը գոյություն ունեցող պայմանավորվածությունների հետ հակասության մեջ է գտնվում»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը։

Ըստ Ղուկասյանի՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պահանջում են, որպեսզի այն, ինչ պայմանավորված է եղել համանախագահության ֆորմատով, կատարվի։ Եվ իրենք մտադիր չեն որևէ ուժով արձանագրված արդյունքը ճանաչել օրինական և մերժում են Ռուսաստանի միակողմանի խաղաղարար դերակատարությունն Արցախում։

«ԵԱՀԿ-ում կա պայմանավորվածություն, 1999 թվականին Ստամբուլում այդ պայմանավորվածությունը ձեռք բերվեց, բոլոր պետությունները դրան համաձայնություն տվեցին, որ ԵԱՀԿ ոչ մի պետություն չունի նախապատվություն խաղաղարար օպերացիաներ իրականացնելու ԵԱՀԿ տարածքում։ 2010 Աստանայի վեհաժողովի ժամանակ վերահաստատվեց այդ պայմանավորվածությունը։ Այսպիսով, շատ խիստ հակադրություն կա միջազգային հանրության, ԵԱՀԿ-ի քաղաքակիրթ հատվածը կազմող պետությունների և Ռուսաստանի միջև։ Այդ թվում՝ Թուրքիան դուրս եկավ բոլոր այն պայմանավորվածություններից, որոնք ուներ ԱՄՆ, ՆԱՏՕ-ի հետ։ Եվ այս դասավորության մեջ Ռուսաստանը փորձում է տարածաշրջանում հանդես գալ որպես խաղաղության մոդերատոր՝ Թուրքիայի հետ միասին՝ անտեսելով Ֆրանսիայի ու ԱՄՆ գոյությունը։ Սա անհեռանկար քաղաքականություն է, որովհետև նույնիսկ քաղաքականության մեջ խորը գիտելիք չունեցող մարդկանց համար պարզ է, որ եթե մոլորակի վրա ԱՄՆ-ն ու Ֆրանսիան համաձայն չեն ինչ-որ կարգ սահմանելու հետ, դա անհնար է իրականացնել։ Դրա համար այսօր Ռուսաստանը փորձում է դուրս գալ այն ստեղծված իրավիճակից, որն իրենք ունեն տարածաշրջանում։ Եվ հուսով են, որ ինչ-որ մի կերպ, ժամանակ շահելով կամ այլ եղանակներով կարելի է հասնել նրան, որ Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի հետ հաստատվի հարաբերությունների մի համակարգ, որը կնպաստի ՌԴ շահերին տարածաշրջանում»,- հավելեց Անդրիաս Ղուկասյանը։

Նրա խոսքով, սակայն, դա այդպես չի կարող լինել, որովհետև անհավասար են ուժերը։ «Ռուսաստանն ի վիճակի չէ իր ողջ ռեսուրսներով հակադրվել ԱՄՆ-ին, Եվրամիությանը, մասնավորապես Ֆրանսիային, որոնք տասնապատիկ ավելի ռազմական, նյութական, մարդկային ու ինտելեկտուալ ռեսուրսներ ունեն։ Եվ իրենք ավելի մեծ ազդեցություն ունեն մարդկության վրա, քան ՌԴ-ն»,- նշեց նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն