Քանի դեռ հանձնաժողովի նախագահն ընտրված չէ, յուրաքանչյուր նիստի օրակարգում այդ հարցը պետք է ներառվի. Ղազինյան
Իհարկե անակնկալ չէր: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով նրան, որ երկրորդ անգամ հանձնաժողովն իրեն չընտրեց հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:
Հարցին, թե երրորդ անգամ նորից կառաջադրվի՞, Ղազինյանը պատասխանեց. «Դա կորոշի խմբակցությունը: Երրորդ անգամ, 4-րդ անգամ, 7-րդ անգամ: Կարծես խմբակցության քարտուղարն ներկայացրեց խմբակցության անփոփոխելի որոշումը, այն է՝ առաջադրել այս պաշտոնում իմ թեկնածությունը: Հանձնաժողովի աշխատանքների նման ոճի, նման անբովանդակության համար թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն իշխանությունն է ՝ հանձնաժողովի կազմով եւ իր ղեկավարով: Խնդիրն իմ անձի հետ է կապված: Իրենք ունեն վերապահում: Չգիտեմ՝ այդ վերապահումը պայմանավորված է իմ մասնագիտկան որակավորման, իմ հետեւողականության, սկզբունքայնության, մինչեւ վերջ փորելու եւ իրականությունը բացահայտելու իմ հանձնառության հետ, միգուցե վախենում են, ինչ-որն բան ունեն թաքցնելու: Այդ դիրքում իմ ներկայությունը քաղաքական առումով վտանգ է ներկայացնում այս իշխանության համար: Թող փորձեն մեզ ապացուցել, որ դա անձնավորված չէ եւ կապ չունի հետագայում քննիչ հանձնաժողովի գործունեության հետ»:
Նրա խոսքով, քանի դեռ հանձնաժողովի նախագահն ընտրված չէ, յուրաքանչյուր նիստի օրակարգում այդ հարցը պետք է ներառվի, թեեւ հնարավոր է քննարկել նաեւ այլ հարցեր: «Եթե իշխանությունը ցանկանում է ապահովել հանձնաժողովի բնականոն աշխատանքը, ապա կարծում եմ՝ պետք է անձնային խնդիրները չխոչընդոտեն»:
Դիտարկմանը, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հորդորել է իրեն ներողություն խնդրել իր ուսանողներից՝ շիշ նետելու իր պահվածքի համար, Ղազինյանը արձագանքեց. «Եթե ես մի օր հանկարծ որոշեմ հետեւել Անդրանիկ Քոչարյանի հորդորին, դա կարծում եմ՝ իմ գիտակցության վրա լուրջ վնաս կհասցնի, հետեւաբար, չեմ պատրաստվում հետեւել որեւէ հորդորի»: