«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր զարգացումներ՝ Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի գործով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազության բողոքը: Ի՞նչ է սպասվում Դավիթ Գալստյանին: Բանն այն է, որ Վերաքննիչ դատարանը ազատ էր արձակել Պատրոն Դավոյին, ինչը դատախազությունը բողոքարկել էր Վճռաբեկ դատարան, որն էլ բողոքը ընդունել է վարույթ:

Դատական ու իրավապահ համակարգում տարածված խոսակցությունների համաձայն՝ Վճռաբեկը կալանքի չի տանի Պատրոն Դավոյին, քանի որ նրա համար իշխանության մոտ բարեխոսել են, եւ դեռ ավելին՝ վերջինիս եթե կրկին կալանքի տանեն, ապա նրա հետեւից գնալու են ՊՆ ներկայումս աշխատող մի շարք պաշտոնյաներ՝ ի դեմս ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ այլ պաշտոնյաների:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ զենքի առուվաճառքի բիզնեսով զբաղվող Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի ազատ արձակումն ամենեւին պատահական չէր: Նա հեղափոխական իշխանությանը բազում ծառայություններ է մատուցել զենքի առքուվաճառքի պետպատվերի շրջանակներում:

Հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանը կալանքի տակ էր փետրվարի 2-ից եւ ազատ արձակվեց մայիսի 17-ին, նրան մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության նախարարությանը 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկերի փոխարեն 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր մատակարարելու համար, որը էապես զիջել է մարտավարական հատկանիշներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն