«Հրապարակ». Փոխատեղումներ՝ պետական համակարգում
«Հրապարակ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի որոշմամբ՝ օրերս պաշտոնից ազատվել է ՀՀ քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Գոյունյանը, որն այս պաշտոնին նշանակվել էր 2019թ․ հուլիսի 11-ին։ Նույն օրը՝ սեպտեմբերի 3-ին, Կարեն Սարգսյանն էլ ազատվեց Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից, որին նշանակվել էր 2020 թ․ փետրվարի 6-ին: Նրանք երկուսն էլ, մեր տեղեկություններով, տեղափոխվելու են այլ պաշտոնի։
Մասնավորապես, Սարգսյանը, որն օրեր առաջ Ազգային ժողովում հարձակվել էր ընդդիմության վրա եւ մատը թափ տալով բոցաշունչ ելույթ էր ունենում, նշանակվելու է Գեղարքունիքի մարզպետ՝ տարածքային կառավարման նախարար նշանակված Գնել Սանոսյանի փոխարեն։ Իսկ Գոյունյանը, որից, ի դեպ, համակարգում շատ դժգոհ են, մեր տեղեկությամբ, գնալու է Պետեկամուտների կոմիտե, քանի որ մոտ է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հետ։ Բացի այդ, ասում են՝ նաեւ արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը չի ցանկացել աշխատել նրա հետ։
Նախնական տեղեկությամբ՝ Արթուր Գոյունյանը նշանակվելու է ՊԵԿ նախագահի՝ իրավական ոլորտը համակարգող տեղակալ։ Մինչեւ երեկ այդ պաշտոնը զբաղեցնում էր Արշակ Գասպարյանը, որն օրվա վերջում ազատվեց ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից։ Շուտով, հավանաբար, կլինի նաեւ Գոյունյանի նշանակումն այդ աթոռին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում