Անհայտ անձինք մանր քարեր են նետել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի վրա, երբ նա նստում էր իր ավտոբուսը Լոնդոնում (Օնտարիո) նախընտրական հանրահավաքի ավարտից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով CTV հեռուստաալիքը:

Կադրերում երեւում է, որ քարերի մի մասը դիպչել է Թրյուդոյի, իսկ մյուս մասը՝ նրա թիկնապահների վրա: Ըստ ամենայնի, լուրջ վնաս դրանք չեն հասցրել վարչապետին եւ նրա շրջապատին: Ըստ CTV-ի՝ վարչապետի քաղաքականության հետ անհամաձայն քաղաքացիների մի մեծ խումբ եւս մասնակցում էր Թրյուդոյի Լիբերալ կուսակցության կողմնակիցների հետ նախատեսված հանդիպմանը: Նրանց թվում էին Կանադայի ժողովրդական կուսակցության կողմնակիցները, որը դեմ է հանդես գալիս բնակչության բռնի պատվաստմանը կորոնավիրուսի դեմ եւ կանադացիների իրավունքների ու ազատությունների պահպանման կողմնակիցն է:
Ցուցարարների խումբը, մասնավորապես, համաձայն չէ կառավարության գործողությունների հետ, որը շարունակում է սահմանափակել երկրի տնտեսական գործունեությունը նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում, բնակչության որոշ խմբերի համար պարտադիր պատվաստում է ներդրել, ինչպես նաեւ աջակցում է մի շարք շրջանների նախաձեռնություններին այսպես կոչված covid անձնագրերի ներդրման մասին:

Անցյալ կիրակի Թրյուդոն վիրավորանքների էր ենթարկվել մի խումբ կանադացիների կողմից Օնտարիո նահանգի Նյումարկետ քաղաքում տեղի ունեցած ցույցի ժամանակ: Ավելի ուշ նա ցուցարարներին «ագրեսիվ բանդա» եւ պատվաստման հակառակորդներ էր անվանել, «որոնք չեն ներկայացնում կանադացիների մեծամասնության կարծիքը»:

Օգոստոսի 15-ին Թրյուդոն հայտարարել էր խորհրդարանը ցրելու եւ սեպտեմբերի 20-ին արտահերթ ընտրություններ նշանակելու մասին: Կանադայում հաջորդ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային 2023 թվականին: Թրյուդոյի գլխավորած Լիբերալ կուսակցությունը մեծամասնություն չունի խորհրդարանում: Վերջերս վարչապետը քննադատել էր օրենսդիր մարմնին դանդաղկոտության համար եւ այն «օբստրուկցիոնիզմի վայր» էր անվանել՝ կառավարության օրակարգը հաստատելու դժվարությունների պատճառով: Վարչապետը ցանկանում է հնարավորինս շուտ ընտրություններ անցկացնել, որպեսզի կարողանա օգտվել հանրային աջակցությունից՝ համավարակի դեմ պայքարում ունեցած հաջողության համատեքստում եւ մեծամասնության կառավարություն ձեւավորել:

Հաղթող կուսակցության առաջնորդը կդառնա երկրի վարչապետ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն