Ռուսաստանցի փորձագետ․ Հարավային Կովկասում իրավիճակը պայթունավտանգ է
Հարավային Կովկասում իրավիճակը պայթունավտանգ է, մասշտաբային թուրք-ադրբեջանական զորավարժություններ են անցկացվում, մասնավորապես՝ Թուրքիայի տարածքում, Նախիջեւանում, Լաչինի միջանցքի մոտ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի փորձագետ, իրանագետ Կարինե Գեւորգյանը։
«Այս զորավարժությունները բավականին շատ նպատակներ ունեն եւ կարող են հեշտությամբ վերածվել տարածաշրջանում լարվածության եւ նոր զինված հակամարտության: Դատելով, թե ինչ զորավարժություններ են ընթանում, որքանով ես հասկանում եմ, նրանք իսկապես օպերացիա են նախապատրաստում ՝ Իրանի հետ սահմանին հարող տարածքի այդ հատվածը գրավելու համար: Թեհրանի համար սա «կարմիր գիծ» է, եւ նա պաշտոնապես հայտարարեց, որ եթե Ադրբեջանին Նախիջեւանի հետ հաղորդակցման կարիք լինի, ապա Իրանը պատրաստ է ապահովել իրանական տարածքում կառուցված բոլոր հաղորդակցությունները: Բացի այդ, Իրանի ԱԳՆ-ն պարզ տեքստով հայտարարեց, որ դեմ է Հայաստանի տարածքային ամբողջականության ոտնձգություններին:
Այս զորավարժությունների ֆոնին Թեհրանը իր զորքերը կենտրոնացնում է հենց Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանին՝ ամրապնդելով սահմանի այդ հատվածը: Միեւնույն ժամանակ, թվում է, թե Իրանը պետք է դա աներ Աֆղանստանի ուղղությամբ: Այնուամենայնիվ, այս տարածաշրջանում տեղի է ունենում զորքերի կենտրոնացում եւ կոնտինգենտի ավելացում»-նշեց փորձագետը։
«Իրանցիները նույնպես չեն քնում, նրանք վերահսկում են լարված իրավիճակը, քանի որ դա կնպաստի Իրանի ադրբեջանաբնակ հատվածում անջատողական տրամադրությունների աճին, ինչը Թեհրանին իսկապես դուր չի գալիս»,-հավելեց Գեւորգյանը:
Ինչ վերաբերում է ադրբեջանա-իրանական սահմանին կրակոցներին՝ փորձագետը հիշեցրեց, որ նման դեպքեր նախկինում էլ են եղել, քանի որ թմրանյութերի փոխադրման այդ ալիքը գոյություն ուներ առնվազն վերջին 30 տարիների ընթացքում: «Միգուցե սա նույն դրվագն է: Բայց սա միայն Ադրբեջանի պաշտոնական տեղեկատվությունն է, պետք է սպասել իրանական կողմի արձագանքին: Սա կարող է լինել բոլորովին այլ դրվագ, եւ Բաքվի տված մեկնաբանությունը կարող է ամբողջովին չհամապատասխանել իրականությանը»,-եզրափակեց Գեւորգյանը: