Գլխավոր դատախազն ասաց՝ Նիկոլ Փաշինյանին կձերբակալեմ, եթե փաստեր տաք. Ղազինյան
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է մեկնաբանի այն համայնքների ղեկավարների պաշտոնակատարների նշանակման հետ կապված իրավիճակը, ովքեր տարիներ շարունակ զբաղեցրել են իրենց պաշտոնները՝ առանց որեւէ ընտրություն անցկացնելու: Այս մասին սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի նիստին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ, դիմելով ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանին, հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Այս գործելակերպը, ըստ պատգամավորի,հաճախակի է կիրառվում, հատկապաես՝ վերջերս: «Ավելին, համայնքների ղեկավարների պաշտոններում, որպես կանոն, իշխող կուսակցության ներկայացուցիչներն են նշանակվում»,- նշել է Մանուկյանը:
Պատգամավորի խոսքով՝ առաջիկայում Հայաստանում շուրջ հազար համայնք կմնա առանց ընտրված ղեկավարների, եւ դրանց կառավարմամբ կզբաղվեն ժամանակավոր պաշտոնակատարները:
Ընդ որում, նա ընդգծեց, որ հանրապետության շատ համայնքներում այլեւս ավագանի չկա, քանի որ նրանց լիազորությունների ժամկետն ավարտվել է: «Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինները, կարելի է ասել, կդադարեն գործել»,-համոզված է խորհրդարանականը:
Ի պատասխան՝ Մուկուչյանը հայտարարեց, որ ԿԸՀ-ն որոշակի ժամկետ կհատկացնի՝ առավելագույնը 4 օր, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման համար:
«Կազմակերպչական նպատակահարմարությունից ելնելով՝ ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերին, նոյեմբերին եւ դեկտեմբերին: ԿԸՀ-ն արդեն զբաղվում է ընտրությունների կազմակերպմամբ»,- հավելեց Տիգրան Մուկուչյանը: