Մինչ կառավարությունը, մասնավորաբար առողջապահության նախարարությունը կոշտ մեթոդների են դիմում՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացն առավել մասսայական դարձնելու համար, այդ թվում՝ փաստացի պարտադրանք են կիրառում աշխատող քաղաքացիների համար, արդեն իսկ պատվաստվող քաղաքացիները մի շարք հարցեր են բարձրացնում, ներառյալ՝ տեխնիկական բնույթի: Մասնավորաբար, քաղաքացիներն ահազանգում են, որ պատվաստվելուց հետո տրվող հավաստագրի վրա բացակայում է QR կոդը, որը նրանք կկարողանան սկանավորել: Իսկ բջջային հավելվածները, այդ թվում՝ ճամփորդելու համար նախատեսված, պահանջում են QR կոդի սկանավորում:

«Փաստ» թերթը գրավոր հարցում էր ուղարկել առողջապահության նախարարություն՝ խնդրելով պատասխանել, թե ինչպե՞ս է կարգավորվում այս հարցը: Նախարարությունից ստացված պատասխանում նշված է. «Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափի ներարկումից հետո քաղաքացիներին տրամադրվում է պատվաստումային քարտ, որն ունի տեղեկատվական բնույթ և նախատեսված է հաջորդ դեղաչափի ստացման ամսաթվի հիշեցման համար։

Պատվաստման արագ արձագանքման ծածկագիր (QR կոդ) պարունակող պատվաստման սերտիֆիկատը արտածվում է «Արմեդ» առողջապահության էլեկտրոնային համակարգից, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզվով և տրամադրվում է պատվաստումն իրականացրած կամ անձի կցագրված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից»։


Past.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն