Ինչո՞վ են տարբերվում կորոնավիրուսի պատվաստանյութերը
Կորոնավիրուսի մի շարք պատվաստանյութեր այսօր արդեն հասանելի են, եւ շատերը դժվարանում են կողմնորոշվել եւ որոշել, թե դրանցից որը ընտրել: Փորձենք պարզել, թե այդ պատվաստանյութերն իրենցից ինչ են ներկայացնում եւ ինչով են տարբերվում:
AstraZeneca
AstraZeneca պատվաստանյութն առաջինն էր, որ հասանելի դարձավ Հայաստանում: Այն իրենից ներկայացնում է շիմպանզեի ադենովիրուսի վրա հիմնված վեկտորային պատվաստանյութ է, որը փոխանցում է կորոնավիրուսի S-սպիտակուցային գենը: Մշակողները որոշել են օգտագործել շիմպանզեի ադենովիրուսը, այլ ոչ թե մարդկու, քանի որ, նրանց կարծիքով, դա պետք է նվազեցներ ալերգիկ ռեակցիաների եւ ծանր կողմնակի ազդեցությունների ռիսկը:
Այս պատվաստանյութի արդյունավետությունը հասնում է 70 տոկոսի: Այն ներարկվում է երկու անգամ` 4-12 շաբաթ ընդմիջումով:
Պատվաստանյութի առավելությունները ներառում են պահպանման համեմատաբար պարզ պայմանները, ցածր գինը` մոտ 4-5 դոլար:
2021 թվականի մարտին սկանդալ բարձրացավ AstraZeneca պատվաստանյութի շուրջ՝ պատվաստվածներից մի քանիսի մոտ թրոմբի առաջացման մասին հաղորդագրությունների ֆոնին: Ավելի ուշ Դեղերի Եվրոպական գործակալությունը (EMA) հայտարարեց, որ պատվաստանյութը չի հանգեցնում թրոմբի առաջացման, սակայն փորձագետների միջեւ այս հարցում դեռեւս կոնսենսուս չկա:
«Սպուտնիկ V»
Ռուսաստանում մշակված «Սպուտնիկ V»-ն Հայաստանում հայտնված երկրորդ պատվաստանյութն է: Դրա արդյունավետությունը կազմում է 91.4 տոկոս, այն 100 տոկոս դեպքերում կանխում է հիվանդության ծանր ընթացքի զարգացումը:
«Սպուտնիկ V»-ը վեկտորային պատվաստանյութ է: Դրա հիմքում մարդկանց համար անվնաս երկու ադենովիրուսներ են, որոնց մեջ առկա է Sars-Cov-2 վարակի գենոմի մի փոքր հատված, ինչին ի պատասխան մարդու օրգանիզմը սկսում է հակամարմիններ արտադրել:
Պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների շարքում նշվում է ներարկման հատվածում ցավը, հազվադեպ դեպքերում` ջերմաստիճանի բարձրացում մինչեւ 39 աստիճան, թուլություն եւ մկանային ցավ:
«ԷպիՎակԿորոնա»
«ԷպիՎակԿորոնա»-ն եւս մեկ ռուսական պատվաստանյութ է, որը դեռ հասանելի չէ Հայաստանում: Այն պեպտիդային պատվաստանյութ Է, ինչը նշանակում է, որ դրանում լիովին բացակայում են վարակի կենսաբանական կրիչները, ինչը, տեսականորեն, նվազեցնում է ալերգիայի առաջացման հավանականությունը: Իմունային համակարգը ճանաչում է էպիտոպները` «հակագենի հատվածները», մանրադիտակային մասնիկները, որոնց ուղղված է իմունիտետը:
Պատվաստանյութի կողմնակի ազդեցություններից են ջերմությունը եւ ներարկման հատվածում ցավը:
«ԿովիՎակ»
«ԿովիՎակ»-ը կորոնավիրուսի դեմ երրորդ ռուսական պատվաստանյութն է: Այն եւս դեռ չկա Հայաստանում:
Ի տարբերություն նախորդների, սա ինակտիվացված պատվաստանյութ է, այսինքն՝ հիմքում «սպանված» SARS-CoV-2 կորոնավիրուսն է: Այս սկզբունքով են գործում վաղուց գոյություն ունեցող եւ լավ ուսումնասիրված պատվաստանյութերի մեծ մասը:
Ենթադրվում է, որ «ԿովիՎակ»-ը պետք է ապահովի ամենամեծ պաշտպանվածությունը եւ պաշտպանի իմունիտետը, քանի որ օրգանիզմը ծանոթանում է ամբողջ վարակին, այլ ոչ դրա մի մասնիկի հետ: Պատվաստանյութի արդյունավետությունը գնահատվում է 85 տոկոս:
BioNTech եւ Pfizer
Պատվաստանյութը, որը մշակվել է ամերիկյան Pfizer ընկերության եւ նրա գերմանացի գործընկեր BioNTech-ի կողմից, առաջինն էր, որ հասանելի դարձավ Եվրամիությունում: Ըստ նախնական տվյալների՝ դրա արդյունավետությունը գնահատվել է 94 տոկոս, սակայն հետագայում հայտնի է դարձել, որ պատվաստանյութի արդյունավետությունը ցածր է եւ որոշ երկրներում պաշտպանվածության ապահովման համար սկսել են ներարկել ոչ թե երկու, այլ երեք դեղաչափ:
Պատվաստանյութը հիմնված է տեղեկատվական ՌՆԹ-ի վրա, որը ծածկագրում է կորոնավիրուսի մակերեսային S-սպիտակուցի գենը:
Այս պատվաստանյութի տեղափոխումն ու օգտագործումը ավելի դժվար է կազմակերպել, քան մյուսները, քանի որ այն պետք է պահել ոչ ավելի, քան 70 աստիճան ցելսիուս ջերմաստիճանում, իսկ հալեցնելուց հետո այն պիտանի է ընդամենը 5 օր: Պատվաստանյութը տրվում է 2 դեղաչափով` 3 շաբաթ ընդմիջումով:
Առայժմ պատվաստանյութը հասանելի չէ Հայաստանում, սակայն, ըստ Առողջապահության նախարարության, դրա պահպանման եւ փոխադրման պայմաններն արդեն ապահովված են, եւ մոտակա ամիսներին այն կարող է հայտնվել մեր երկրում:
Moderna
Moderna պատվաստանյութը արտադրել է Նուբար Աֆեյանի ընկերությունը: Կազմով եւ ազդեցությամբ այն շատ նման է Pfizer-ի պատվաստանյութին: Հիմքում տեղեկատվական ՌՆԹ է՝ հարուցիչի գենետիկական նյութ, որն արհեստականորեն վերարտադրվում է լաբորատոր պայմաններում:
Պատվաստանյութի արդյունավետությունը նույնպես գնահատվում է 94 տոկոս՝ ըստ III փուլի կլինիկական փորձարկման նախնական տվյալների: Ընկերության որոշմամբ՝ հետազոտությունը կերկարաձգվի մինչեւ 2022 թվականի վերջ:
Դեղամիջոցը կարող է պահվել մինչեւ 30 օր՝ 2-8 աստիճան ցելսիուս ջերմաստիճանում: Լուրջ կողմնակի ազդեցությունների վերաբերյալ տվյալներ չկան:
CoronaVac
Պատվաստանյութը մշակվել է չինական Sinovac Biotech ընկերության կողմից եւ ներկայումս հասանելի է Հայաստանում: Այն ինակտիվացված պատվաստանյութ է, որի արդյունավետությունը, ըստ տարբեր աղբյուրների, տատանվում է 50-91 տոկոսի սահմաններում:
Պատվաստանյութը պահվում է սառնարանում` 2-8 աստիճան ջերմաստիճանի պայմաններում: Լուրջ կողմնակի ազդեցության վերաբերյալ տվյալները բացակայում են:
Janssen Pharmaceutica/Johnson & Johnson
Սա ադենովիրուսի վեկտորային պատվաստանյութ է, որը Հայաստանում դեռեւս հասանելի չէ: Կլինիկական փորձարկումների երրորդ փուլի արդյունքների համաձայն՝ տարբեր շրջաններում արդյունավետությունը տատանվում է 66-72 տոկոսի սահմաններում: Ծանր կորոնավիրուսից պաշտպանվածության արդյունավետությունը կազմում է 85 տոկոս:
Պատվաստանյութը պահվում է մինուս 20 աստիճան ջերմաստիճանում, սակայն երեք ամիս այն կարող է պահվել 2-8 աստիճան ջերմաստիճանի պայմաններում: Պատվաստանյութի հիմնական առավելությունն այն է, որ ներարկվում է մեկ դեղաչափով:
Ըստ որոշ տվյալների՝ պատվաստանյութը կարող է հանգեցնել նաեւ թրոմբի առաջացման, չնայած դրա հավանականությունը բավականին ցածր է:
Med.News.am