ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է  «Կենտրոն» վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քննությամբ պարզվել է, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, հանդիսանալով վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար և կազմակերպական-տնօրինչական լիազորություններով օժտված պաշտոնատար անձ, 2021թ. մայիսի 11-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, նույն վարչական շրջանի կոմունալ բաժնի գլխավոր մասնագետի և շուրջ 10 այլ աշխատակիցների հետ մուտք է գործել վարչական շրջանի մասնաշենքում գտնվող քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի աշխատասենյակ, վերջինիս նկատմամբ բռնություն գործադրել, որից հետո պահանջել զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում գրել, և ստանալով բացասական պատասխան, իր հետ աշխատասենյակ մուտք գործած անձանց հետ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն