Politico. Եվրահանձնաժողովի ղեկավարի գաղտնի ելույթը աղբարկղում են գտել
Բրյուսելի կենտրոնում հայտնաբերվել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Եվրամիության իրավիճակի վերաբերյալ գաղտնի ելույթի նախագիծը: Politico-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը հայտնաբերվել է աղբարկղում փաթաթված՝ Բելգիայի մայրաքաղաքի ճանապարհներից մեկի մոտ, դրա իսկությունը հնարավոր չէ հաստատել:
Ըստ թերթի՝ տեքստը կազմված է Ստրասբուրգում Եվրախորհրդարանում ԵՀ ղեկավարի ելույթի համար: Փաստաթղթում նշվում է Գերմանիայի խորհրդարանական մոտալուտ ընտրությունների եւ կանցլեր Անգելա Մերկելի հեռանալու մասին, պատվաստումների հարցում Եվրամիության հաջողությունների, Աֆղանստանում իրավիճակի պատճառով միգրացիոն ճգնաժամի սպառնալիքի եւ Եվրոպայում տնտեսական վերականգնման ընթացքի մասին:
Միեւնույն ժամանակ, տեքստում կան մի շարք քննադատական արտահայտություններ՝ կապված ԵՄ գործընկեր երկրների եւ առանձին քաղաքական գործիչների հետ: Այսպես, ելույթում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիշատակվում է որպես միգրացիոն խնդիրների լուծման անհուսալի գործընկեր, քանի որ «նա նույնիսկ ի վիճակի չէ ինձ աթոռ տալ»՝ նկատի ունի այն սկանդալը, երբ Թուրքիայի ղեկավարի հետ ԵՄ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ԵՀ նախագահի համար աթոռ չէր դրվել:
Բացի այդ, տեքստում քննադատվում են ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան՝ Եվրոպա կորոնավիրուսի պատվաստանյութերի ներմուծումը մեծացնելու մերժման համար, ինչպես նաեւ պարունակվում է ամերիկյան ՏՏ հսկաների, այդ թվում՝ Google-ի եւ Facebook-ի համար հարկերը խստացնելու կոչ: