Ֆրանսիայի ԱԳ նախարարության ղեկավար Ժան Իվ Դրիանն սպառնացել է, որ Փարիզը Մալիից զինվորականներին դուրս կբերի, եթե աֆրիկյան այս երկրում սկսեն աշխատել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության (ՄՌԸ) վարձկանները։ «Դա միանգամայն անհամատեղելի է մեր ռազմական ներկայության հետ»,-ֆրանսիական հեռուստատեսությունը մեջբերում է նախարարի խոսքը, որը մեկնաբանել է Մալիի իշխանությունների եւ «Վագներ» ՄՌԸ-ի միջեւ համաձայնագրի կնքման հնարավորությունը:

«Այդ տեսակի խմբի գործողությունները Մալիում անհամատեղելի կլինեին նաեւ Մալիում միջազգային գործընկերների գործողությունների հետ»,-հավելել է լե Դրիանը՝ հանդես գալով Ֆրանսիայի խորհրդարանում: Իր հերթին Ֆրանսիայի պաշտպանութան նախարար Ֆլորանս Պառլին նշել է, որ վարձկանների նման ներկայությունը Մալիում «չափազանց տագնապալի եւ հակասող» կլիներ: TV5 հեռուստաալիքը պարզաբանում է, որ, Փարիզի աղբյուրների տեղեկատվության համաձայն, Մալիի իշխանությունները քննարկում են «Վագներ» ՄՌԸ-ի հետ համաձայնագրի հնարավորությունը, որի շրջանակներում վարձկանները կզբաղվեն Մալիի զինծառայողների պատրաստմամբ, ինչպես նաեւ երկրի ղեկավարների անվտանգության ապահովմամբ:

Դրա հետ մեկտեղ, ինչպես պարզաբանում է հեռուստաալիքը, Մալիում խոստովանել են, որ նման բանակցություններ վարում են, սակայն ոչ մի համաձայնագիր դեռ չեն ստորագրել: 2021 թվականի հուլիսին Ֆրանսիայի նախագահ Էմանուեալ Մակրոնը հայտարարել է, որ ֆրանսիական զինվորական հրամանատարությունը մինչեւ տարեվերջ կփակի իր ռազմակայանների մի մասը Մալիում: Խոսքն այն զինծառայողների մասին է, որոնք գտնվում են Քիդալ, Թոմբուքթու եւ Թեսալիթ քաղաքներում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն