Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկումն այսօր էլ չի կայանա. իշխանությունն ասել է՝ համադրման խնդիր կա
Մենք առաջարկել էինք, որ համապատասխան պաշտոնատար անձինք՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ԱԳՆ-ից, Դատախազությունից և ՄԻՊ-ից, գան և ներկայացնեն իրավիճակը և դրանից դուրս գալու իրենց առաջարկությունները: Իշխանություններն ասում են, որ ցանկանում են առաջին դեմքերով ներկայանալ, և համադրման խնդիր կա, տարբեր պատճառներով բացակայողներ կան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նա նաև նշեց, որ ընդդիմությունն առաջարկել է սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանից առաջ՝ 14:00-ին հավաքվել քննարկել ստեղծված իրավիճակը, սակայն իշխանությունն ասել է, թե համադրման խնդիր կա և պետք է վերջնական համադրումն իրականացնեն.
«Կարծում եմ, որ այսօր չի լինի։ Թե երբ կլինի՝ չգիտեմ։ Սա աշխատանքի կազմակերպման և որոշումների ընդունման արագության խնդիր է։
Այս իշխանությունների մոտ որոշումների ընդունման արագությունը, իրադրությանն արագ գնահատական տալն ու որոշումներ ընդունելը միշտ էլ կաղացել է, այսօր էլ կաղում է»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Անդրադառնալով Որոտանի վերաբերյալ ԱԱԾ հաղորդագրության մեջ ադրբեջանական տեղանուններ օգտագործելուն՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ նրանք հավանաբար ենթադրում են, որ սահմազատման և սահմանագծման աշխատանքներից հետո այդ տարածքները հավանաբար անցնելու են ադրբեջանցիներին.
«Թե ի՞նչ իրավապայմանագրային հենքի վրա դա պետք է իրականացվի և ի՞նչ իրադրության գնահատման արդյունքում պետք է իրականացվի, ես չեմ հասկանում: Եթե նկատել եք, մեր իշխանություններն իրենց արտահայտություններում ադրբեջանական տեղանուններն անընդհատ ներկյացնում են, իսկ դրան հակառակ, Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է մեր հայկական բնակավայրերն ադրբեջանական անվանումներով ներկայացնել»,-ասաց Օհանյանը և հավելեց, որ սա հերթական ճնշման շարունակությունն է Ադրբեջանի կողմից ՀՀ իշխանության վրա:
Pastinfo.am