ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան և Ֆինլանդիան ուժեր են ուղարկել Արկտիկայում ՌԴ վարժանքները հսկելու համար
ՌԴ Հյուսիսային նավատորմը հաղորդել է Արկտիկայում ՌԴ խոշոր վարժանքների ժամանակ օտարերկրյա հետախուզությունների ակտիվության մեծացման մասին։
«Վարժանքների նախապատրաստման եւ անցկացման ժամանակաշրջանում նշվել է օտարերկրյա պետությունների, Հյուսիսատլանտյան դաշինքի, ինչպես նաեւ նրա առանձին մասնակից պետությունների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, ծովային եւ օդային հետախուզության ուժերի բարձր ակտիվություն»,-հայտարարել են Հյուսիսային նավատորմի մամուլի ծառայությունում:
«ԱՄՆ-ի, Նորվեգիայի եւ Ֆինլանդիայի բազային պարեկային եւ հետախուզական ավիացիայի ինքնաթիռներով մինչեւ 17 թռիչք է կատարվել Բարենցի ծովի եւ ՌԴ-ի հետ սահմանակից Ֆինլանդիայի շրջանների օդային տարածությունում»,-ասել են նավատորմի շտաբում:
Այնտեղ նշել են, որ Բարենցի ծովում ծովային հետախուզության ուժեղացման համար, բացի նորվեգական «Մարիատա» հետախուզական նավից, լրացուցիչ ուղարկվել են Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի «Էխո» հիդրոգրաֆիական նավը եւ «Լանքասթեր» ֆրեգատը:
Ռուսաստանի Հյուսիսային նավատորմը սեպտեմբերի 9-ին հաղորդել էր Արկտիկայում խոշոր զորաշարժեր սկսելու մասին: Դրանցում գործի է դրվել շուրջ 50 նավ, 120 ինքնաթիռ եւ ուղղաթիռ, ինչպես նաեւ մոտավորապես 8 հազար զինծառայող: Հյուսիսային նավատորմի ուժերի գործնական գործողություններն անցկացվում են Բարենցի, Չուկոտկայի եւ Արեւելա-Սիբիրյան ծովերի, Լապտեւների ծովի ջրատարածքում, Նովոսիբիրսկի կղզիների շրջանում, հաղորդել է նավատորմի մամուլի ծառայությունը: Սեպտեմբերի 15-ին Ռուսաստանի Հյուսիսային նավատորմը ձեռնամուխ է եղել արկտիկական գոտում զորաշարժերից զորքերի վերադարձին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
168.am